Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն ընդմիջվեց
«Դատարանն արձանագրել է հանգամաքն, որը խոչընդոտում է սույն գործի քննությանը»,-քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստում հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի՝ պատգամավորության թեկնածուի կարգավիճակ ունենալուն, որը ենթադրում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիություն։ Դանիբեկյանը նաև ասաց, որ նրանց կարգավիճակի վերաբերյալ մինչ այս պահը հստակ տեղեկատվություն դատարանը չի ստացել։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այս հայտարարությունից հետո հարց ուղղեց դատարանին, թե ինչի՞ հիման վրա է նման հետևություն արել։
Իր հերթին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն հունիսի 27-ին հրապարակել է քվեարկության ամփոփիչ արդյունքները, ընդունվել է որոշում մանդատների բաշխման մասին։ Վարդևանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը, որի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, ցուցակի 5-րդ համարում Արմեն Գևորգյանը, խորհրդարանում 28 մանդատ է ստացել քվեարկության արդյունքում։
Պաշտպանն ասաց, որ ընտրական ցուցակը հրապարկված է ԿԸՀ պաշտոնական էջում, Դանիբեկյանն արձագանքեց՝ անհրաժեշտություն կա, խնդրեց այն դատարանին տրամադրել։
«Մենք գործ ունենք Ընտրական օրենսգրքով սահմնաված մեկ այլ իրավական ռեժիմի հետ, գործ ունենք ոչ թե պարզապես ընտրություններին մասնակցած, այլ ընտրություններում հաղթած պատգամավորի թեկնածուի հետ։ Այդ եզրույթը նաև իրավական հետևանքներ է ենթադրում։ Այդ հանգամանքները հայտնի են, եթե դատարանը հարմար գտնի, կարող է լրացուցիչ կարճ ժամանակ տալ, կտրամադրենք»,-ասաց Վարդևանյանը։
Դատախազ Բաղդասարյանն առաջարկեց ընդմիջման միջնորդությանը, ասաց, քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսել է վաղուց, իսկ պատգամավորության թեկնածուի պարագայում խոսքը վերաբերում է քրեական հետապնդում հարուցելուն, ինչն այս իրավիճակի մասին չէ։
«Ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ սահմանդրական կարգավորումների մասին եք խոսում»,-ասաց մեղադրող դատախազը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։
Ըստ դատկան տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ըստ նույն եզրակացության, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։