Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների․ Վահե Հակոբյան
Մեր ակնկալիքներն ընտրություններից մի փոքր այլ էր, իսկ ստացված արդյունքներն ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Այս մասին «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Իշխող ուժի կողմից օգտագործվեցին ընտրակեղծիքների ողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչև ուրիշի փոխարեն ընտրություն»,- ասաց Հակոբյանը։
Այնուհետև նա դիմեց թիմակիցներին․
«Պետք է ընդունենք, որ մենք էլ ենք ունեցել թերացումներ։ Մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունքի և էֆեկտիվության վրա»։
Հակոբյանն, այդուհանդերձ, առաջարկեց մեղավորներ չփնտրել և վերլուծել սխալները՝ հետագա պայքարում դրանք բացառելու համար։
Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ այս իշխանությունները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
«Տեսնում ենք ինչ է այսօր կատարվում Արմավիրում։ Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ թիվ մեկ պոպուլիստը Արմավիրում բղավում էր, որ կա ապագա։ Պարզվեց, որ այդ ապագայում չկա ջուր։ Նմանօրինակ իրավիճակ տիրում է ողջ հանրապետությունում, քանի որ ներկա իշխանություններն ունակ չեն կառավարել պետությունը»,- նշեց Վահե Հակոբյանը։
Թվելով երկրում առկա խնդիրները, նա, մասնավորապես հայտնեց, որ անտերության է մատնված Հայաստանի անվտանգության հարցը, ՀՀ տարածքում ամիսներ շարունակ գտնվում են 1000-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ։
Բացի այդ, ըստ նրա, աննախադեպ տեմբերով աճում է երկրի արտաքին պատրքը, գրեթե զրոյացել են ներդրումները. «Տարվա սկզբից պատմության մեջ գրանցվել է ռեկորդային արտագաղթ։ Փաստ է, որ օրվա իշխանությունը չունի այս խնդիրների լուծման ոչ հնարավորությունը, ոչ էլ՝ ցանկությունը»։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ թվարկած խնդիրներն էլ ավելի են խորացնելու երկրում ճգնաժամը, տնտեսական և ներքաղաքական իրավիճակը։
«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց Վահե Հակոբյանը։