ԱՄՆ-ը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու՝ պաշտպանության վերաբերյալ տվյալները Թուրքիա արտահանելու համար. Սասունյան
ԱՄՆ Ազգային անվտանգության բաժանմունքի հատուկ գործակալ Մայքլ Բալեստրան 2021 թ. հունիսի 21-ին 16 էջանոց ցուցմունք է ներկայացրել դատավոր Ջենիֆեր Բոալին, Թուրքիայի քաղաքացի Արիֆ Ուգուրի դեմ՝ ձերբակալման վճռի պահանջով։
Ուգուրը մեղադրվում է՝
1) առանց արտահանման արտոնագրի Միացյալ Նահանգներից Թուրքիա պաշտպանության տեխնիկական տվյալներ արտահանելու դավադրության.
2) առանց արտահանման արտոնագրի Միացյալ Նահանգներից Թուրքիա տեխնիկական տվյալներ արտահանելու.
3) և պաշտպանության նախարարությունից (ՊՆ) կեղծ միջոցներով պայմանագրեր ձեռք բերելու ծրագրի մշակմամբ՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու մեջ։
52-ամյա Ուգուրը Թուրքիայի քաղաքացի է, որը 2002 թվականից ընդհատումներով ապրել է Մասաչուսեթս նահանգում, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ մշտական բնակիչ:
Ըստ ցուցմունքի՝ Ուգուրը 2015-ին Մասաչուսեթսում հիմնադրել է Anatolia Group Limited Partnership ընկերությունը, որը ներկայացվել է որպես պաշտպանության նախարարությանը հատուկ սարքավորումների և մասերի տեղական արտադրող ու մատակարար։ Նա ընկերության միակ գործընկերն էր:
Ցուցմունքում նշվում էր, որ «2015 թ․ հուլիսից մինչև 2017 թ․սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ուգուրը ձեռք է բերել տասնյակ պայմանագրեր՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին տարբեր մասեր և սարքավորումներ մատակարարելու համար, որոնք օգտագործվում են ամերիկյան զինուժի կողմից: Այս պայմանագրերից շատերը պահանջում էին, որ մասերը լինեն Միացյալ Նահանգներում արտադրվող «տեղական վերջնական արտադրանք»։
Այս պայմանագրերը ձեռք բերելու համար Ուգուրը ՊՆ-ին կեղծորեն ներկայացրել է, որ Anatolia-ն մասերը պատրաստելու է Միացյալ Նահանգների գործարաններում: Իրականում, Anatolia-ն ընդհանրապես արտադրական կարողություններ չուներ, և շատ մասեր, որոնք Anatolia-ն մատակարարում էր պաշտպանության նախարարությանը և նրա դուստր ձեռնարկություններին, արտադրվել են արտերկրում, այդ թվում՝ առնվազն մեկ արտադրող Թուրքիայում: Այդ մասերից մի քանիսը անորակ էին և, հետևաբար, չէին կարող օգտագործվել իրենց մտադրված ռազմական նպատակների համար»:
Ուգուրը Թուրքիայում արտադրողին տրամադրել է «տեխնիկական բնութագրեր և մասերի գծագրեր, որոնք նա ձեռք է բերել Պաշտպանության նյութատեխնիկական գործակալությունից (DLA)»: Գծագրերից և բնութագրերից մի քանիսը պահանջում էին արտահանման արտոնագիր, որը Ուգուրը չէր ձեռք բերել՝ նախքան դրանք Թուրքիա արտահանելը: Նա գրանցել էր իր ընկերությունը DLA-ում, որը նրան թույլ է տվել մուտք ունենալ ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջարկներին, այն բանից հետո, երբ նա գրավոր համաձայնել է կատարել խիստ իրավական պահանջները՝ չբացահայտել, չփոխանցել կամ չտրամադրել օտարերկրյա կազմակերպություններին պաշտպանական տեխնիկական տվյալներ՝ ըստ ցուցմունքի։
2015 թ․ օգոստոսի 13-ին DLA-ն ապահովեց Ուգուրին մուտք՝ տեխնիկական բնութագրերի, գծագրերի և այլ տեղեկատվության DLA-ի ակտիվ դիմումների վերաբերյալ։ Նույն օրը, Ուգուրը էլեկտրոնային փոստով տեղեկացրեց Թուրքիայի երեք քաղաքացիների, թե ինչպես կարելի է ինտերնետի միջոցով մուտք գործել DLA-ի «Համագործակցության թղթապանակները», ներառյալ դրա «ռազմական կարևոր տեխնիկական տվյալների» գրադարանը, նշված է ցուցմունքում։
Հատուկ գործակալ Բալեստրան ցուցմունքում գրել է․ «2016 թ․ հուլիսի 27-ին կամ մոտավորապես այդ ամսաթվով թվագրված էլեկտրոնային փոստում, DLA-ի գնորդ գործակատարը խնդրեց Ուգուրին հաստատել սարքավորումների հավաքվածքի «իրական արտադրության հասցեն»՝ ծագման ստուգումը դասավորելու նպատակով․․․․ 2016-ի հուլիսի 28-ի կամ մոտավորապես այդ ամսաթվով թվագրված էլեկտրոնային փոստում Ուգուրը պայմանագրային գործակատարին ասաց, որ սարքավորումների հավաքվածքը արտադրվել է Anatolia-ի կողմից՝ Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքի Woodmont Road 90 հասցեում։
Կարծում եմ, որ այս հայտարարությունը կեղծ էր, քանի որ Ուգուրը գիտեր, որ սարքավորումների հավաքվածքը արտադրվել է Թուրքիայում՝ թուրքական արտադրողի կողմից: Այնուհետև Ուգուրը դասավորեց, որ սարքավորումների հավաքվածքը ՊՆ հասցվի 2016-ի օգոստոսի վերջին՝ հնարավորություն չտալով DLA-ին նախ ստուգել մասերը հենց արտադրության վայրում: Կարծում եմ, որ Ուգուրը դիտմամբ խուսափեց ծագման ստուգումից, որպեսզի DLA-ից թաքցնի արտադրության իրական վայրը՝ Թուրքիան: Ստանալով սարքավորումների հավաքվածքը, ՊՆ-ն որոշեց, որ դրանք չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին, հրաժարվեց վճարել դրանց համար Ուգուրին և Anatolia-ին և փորձեց (անհաջող) մասերը վերադարձնել Ուգուրին:
Նման խախտում ենթադրաբար տեղի է ունեցել այն ժամանակ, երբ DLA-ն պայմանագիր է կնքել Anatolia-ի հետ՝ ակոսով շարժանվակների արտադրության համար։ Ըստ Բալեստրայի վկայագրի՝ 2016-ի օգոստոսի 23-ին Ուգուրը էլեկտրոնային փոստով ակոսով շարժանվակների տեխնիկական տվյալները ուղարկել է Թուրքիայում գտնվող AYPIK-ի աշխատակցին՝ Դ․ անձնավորությանը։ Պաշտպանության նախարարությունը որոշեց, որ ակոսով շարժանվակները չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին։
Արիֆ Ուգուրը ձերբակալվեց 2021 թ․ հունիսի 22-ին և Բոստոնի դաշնային դատարանում մեղադրվեց էլեկտրոնային խարդախության, զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու և զենքի արտահանման դավադրության համար, ասվում է Մասաչուսեթս նահանգի Միացյալ Նահանգների դատախազության գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
«Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու մեղադրանքը նախատեսում է պատժաչափ՝ մինչև 20 տարի բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և տուգանք՝ մինչև 1 միլիոն դոլար, կամ հանցագործությունից ստացված ընդհանուր շահույթի կամ կրած վնասի կրկնապատիկը: Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու դավադրության մեղադրանքը նախատեսում է՝ մինչև հինգ տարի բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և 250 հազար դոլար տուգանք: Էլեկտրոնային խարդախության մեղադրանքը նախատեսում է մինչև 20 տարի բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և 250 հազար դոլար տուգանք կամ հանցագործությունից ստացված ընդհանուր շահույթի կամ կրած վնասի կրկնապատիկը»՝ ըստ ԱՄՆ դատախազության գրասենյակի հայտարարության։
ԱՄՆ դատախազության գրասենյակը նշել է, որ «քրեական գործի մեջ պարունակվող մանրամասները մեղադրանքներ են: Մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա հանցանքն ապացուցելը օրենքով սահմանված կարգով»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. «Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»
- Հարութ Սասունյան. Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ
- Հարութ Սասունյան. Թուրքական խումբը կոտրել է Բայդենի կայքը` նրա նախագահական ընտրությունները խափանելու համար
- Հարութ Սասունյան. Վերջապե՛ս, Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը… Ո՞րն է հաջորդ քայլը
- Հարութ Սասունյան. Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի
- Հարութ Սասունյան. Ինչո՞ւ է Գերագույն դատարանը բեկանել նահանգապետի՝ Համբիկ Սասունյանին ներում շնորհելու մերժումը
- Հարութ Սասունյան. Ադրբեջանը հինգ հարյուր տոննա զենք է վաճառել Կոնգոյի բռնապետական վարչակարգին
- Հարութ Սասունյան. Արցախում «չպայթած» ռուսական հրթիռները քաղաքական պայթյուն առաջացրեցին Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան