ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի ազդեցությունը երեխաների վրա
Հունիսի 28-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որը նախագահում էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը։ Զեկույցներով հանդես եկան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, ինչպես նաև մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Անվտանգության խորհրդի հանդիպմանը ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը անդամ-պետությունների ուշադրությունն է հրավիրել 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ազդեցությանը Արցախի երեխաների վրա՝ շեշտելով, որ քաղաքացիական օբյեկտների միտումնավոր թիրախավորման հետևանքով ավերվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավորները զրկվել են կրթության իրավունքից, իսկ կիրառված զինատեսակների մնացորդները շարունակում են վտանգել մարդկանց, հատկապես՝ երեխաների բնականոն կյանքը։
Նշվել է, որ միջազգային հանրության համար խիստ մտահոգիչ պետք է լինի նաև էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն տարածող քարոզչությունը երեխաների շրջանում, որի դրսևորումներն են, մասնավորապես, Ադրբեջանի դպրոցական ծրագրերում և դասագրքերում հայատյացության արմատավորումը, Բաքվի այսպես կոչված «Ռազմավարի պուրակի» առկայությունը և երեխաների համար ցուցադրությունները։
Դեսպան Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Ապահով դպրոցներ» հռչակագրի, երեխաների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը, զինված հակամարտություններում երեխաների իրավունքների ծանր ոտնահարումների կանխարգելմանն ուղղված այլ կարևոր միջազգային գործիքների նպատակներին և սկզբունքներին։ Աջակցություն է հայտնվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ զինված հակամարտություններում երեխաների ներգրավվածության հարցերով հատուկ ներկայացուցչի մանդատին՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների հետ համագործակցությամբ արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան