ԿԽՄԿ նախագահ․ Բաքուն և Երևանը պետք է լուծեն կալանավորվածների կարգավիճակի խնդիրը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ որ այս տարի Կարմիր խաչը հինգ անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ կազմելով 50 միլիոն եվրո:
Հայ ռազմագերիների փոխանակման գործընթացի հետ կապված Մաուրերն ասել է, թե առաջընթաց է գրանցվել, բանտարկյալները վերադառնում են իրենց տները:
«Եվ միևնույն ժամանակ, դեռ կան վեճեր ձերբակալվածներից մի քանիսի վերաբերյալ՝ արդյո՞ք նրանք ռազմագերիներ են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են վերադառնալ: Մենք շարունակում ենք անդրադառնալ այս խնդիրներին:
Հարցադրմանը, որ Ադրբեջանը պնդում է, թե «երկրում մնացած ռազմագերիներն իրականում Հայաստանից դիվերսանտներ են, որոնք սադրանքներ էին պատրաստում: Հետևաբար, Ադրբեջանը չի շտապում դրանք հանձնել, Կարմիր խաչն այցելո՞ւմ է այս կալանավորներին», Մաուրերն ասել է, որ, այո, Կարմիր խաչն ուղղակիորեն մուտք ունի կալանավորվածների մոտ ու Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ կան (կալանավորվածների) կարգավիճակի վերաբերյալ:
«Բաքուն և Երևանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ: Մենք կարող ենք կիսել մեր փորձը, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարությունները պետք է իրենք որոշեն և վերջնական գնահատեն կարգավիճակը: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ: Եվ հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի խնդրի լուծում գտնել բոլոր այն կալանավորվածների համար, որոնք գտնվում են Հայաստանում և Ադրբեջանում»,- ասել է Մաուրերը:
Իսկ, թե ինչ պայմաններում են Ադրբեջանում պահվում հայ ռազմագերիները, նա նշել է, որ իրենք դրա վերաբերյալ հանրային գնահատական չեն տալիս:
«Մենք այցելում ենք՝ գնահատելու մարդկանց պայմանները, բայց ինչպես գիտեք, սա ԿԽՄԿ-ի համար գաղտնի գործընթաց է: Մենք աշխատում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ՝ մեր մեկնաբանությունները համապատասխան մարմիններին փոխանցելու համար, և առայժմ ավելին չեմ կարող ասել»,- ասել է Մաուրերը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել
- ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում
- Ադբեջանցի պաշտոնյան հայ ռազմագերիների հարցը կապել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ. Նաիրա Զոհրաբյան
- ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
- Բաքվում դատում են հայ ռազմագերիներին
- Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ». ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան