Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյան, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ է ասում քո ենթական
«Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանության է վերցվում Ռուսաստանի կողմից։ Այդ մասին օրեր առաջ հայտարարեց նաև ԱԽ քարտուղարը։ Լավ, բա մենք որտե՞ղ ենք, մենք պետությո՞ւն ենք, թե՞ պետություն չենք, սուվերե՞ն ենք, թե՞ սուվերեն չենք»,- ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայելի» ակումբում։
Նա ընդգծեց, որ այս իշխանության օրոք Հայաստանի անվտանգության համակարգը խաթարվել է, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը դարձել է օբյեկտ, ոչ թե սուբյեկտ, դրա մասին են վկայում նաև ԱԳ նախարարի, փոխնախարարների հրաժարականները, ավելին, դա որևէ մեկի պետքը չէ։
«Արմեն Գրիգորյանն ասում է, վենդետա չենք անելու, կադրային ջարդ ենք անելու, Նիկոլ Փաշինյան, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ է ասում քո ենթական։ Վենդետան մաֆիան էր անում, վենդետա բառը, որ օգտագործում եք, հասկանո՞ւմ եք դրա իմաստը, հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում կադրային ջարդ, այսինքն, պետական ապարատում մարդիկ ձեզ նվիրված չեն, չե՞ն կարող աշխատել»,- ասաց Արամ Գասպարյանը։
Նրա խոսքով, ընտրություններում տարած քվեների թիվը այս իշխանություններին ավելի է «լկտիացրել», բայց այսպես շարունակել չի կարող։
«Մի երկու օր առաջ մեկն իմ աշխատասենյակ մտավ առանց հարցնելու, ասեց՝ եկել եմ ձեզ շնորհավորեմ։ Հարցնում եմ՝ ինչի՞, պատասխանում է, դե Նիկոլը հաղթել է։ Հարցնում եմ՝ ինձ ինչի՞ ես շնորհավորում։ Ասում է, ի՞նչ է, գոհ չե՞ք։ Ես էլ ասում եմ՝ ուզում եմ հասկանամ, դու ինչի՞ց ես գոհ, ասում է՝ ինքը կաշառակերությունը վերացրել է, դրանից ավելի էլ ի՞նչ էիք ուզում։ Ես իրեն ասում եմ՝ կաշառակերությունը չի վերացել, 223 մլն դրամի պարգևավճար է տվել էս ընթացքում։ Պատասխանում է՝ դե ես դա չգիտեմ, դա լուրջ խոսակցություն է, դրա հետ գործ չունեմ»,- ասաց նա։
Արամ Գասպարի Սարգսյանը եկել է այն համոզման, որ այս իշխանությունները դեմ չեն արտագաղթի ծավալների մեծացմանը, դա դրական երևույթ է իրենց համար, ինչքան քիչ մարդ մնա, այնքան հեշտ կիրագործեն իրենց ծրագրերը։
«Առաջին հերթին, Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, վերցնել Տիգրանաշենը, քանի որ լեռնանցքը փակելու դեպքում Հայաստանը կտրվելու է Վայքից, Սյունիքից, Արցախից։ Մյուս կողմից, եթե Հայաստանն այս պահին ճանաչում է Ադրբեջանի չճանաչված սահմանները, ապա Արցախը մնում է Ադրբեջանի կազմում անվերջ, այն կարելի է վերցնել միայն պատերազմի միջոցով»,- նշեց Արամ Սարգսյանը։