ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին
2021 թվականի հուլիսի 2-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրությունը՝ ներկայացնելով ամերիկահայ արվեստագետ Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունից ընտրանի:Այս մասին հայտբնում են կենտրոնից։
«Գագիկ Հարությունյանը բազմապրոֆիլ (մուլտիդիսցիպլինար) արվեստագետ է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով (մեդիաներ) ու իրեն դրսևորում է արվեստի բազմաթիվ ձևերում: Ինչպես ինքն է նշում, իր աշխատանքները «ինքնության, տեղահանության և հիշողության մասին են»: Այդուհանդերձ, հենց հիշողությունն է, որ կենտրոնական դեր է խաղում նրա ստեղծագործության մեջ, քանզի այդ ֆենոմենի շուրջ են հյուսված նրա գրեթե բոլոր աշխատանքները:
«Մոռացումի անսպասելի գեղեցկությունը» Գագիկ Հարությունյանի առաջին անհատական ցուցադրությունն է հայրենիքում, որի շրջանակում կներկայացվի ընտրանի արվեստագետի երեք շարքերից՝ «Հիշողության լաբիրինթոսներ», «Ժառանգություն» և «Ընտանեկան դիմանկար»:
Որպես արվեստագետ՝ Գագիկ Հարությունյանը հիշողությունը համարելով ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը, պնդում է, որ այն հաստատուն չէ, անցողիկ է, փխրուն և փոփոխվող. «Սա հանգեցնում է մի խնդրի, որը ես ուսումնասիրում եմ իմ աշխատանքում: Եթե հիշողությունը փխրուն է և փոփոխվող, ինչպե՞ս է դա ազդում ինքնության վրա, որը տեղահանված է իր բնական միջավայրից»: Իր աշխատանքում Գագիկ Հարությունյանը «զուգորդում է» երկու տարատեսակ որակական սուբյեկտներ՝ օբյեկտի/նյութի կոպիտ, հստակ, ֆիզիկական հատկանիշն ու մշտապես անհասանելի պատկերը/պատրանքը, որը մենք երազում, տեսնում կամ պատկերացնում ենք:
«Օգտագործելով հիշողության մասնատված կրիչներ և սարքեր՝ Գագիկ Հարությունյանն անհատական տիրույթից հիշարժան պատկերներն ու առարկաները ներկայացնում է նոր միջավայրում և նոր իրականության մեջ: Այստեղ նրանք ստանում են նոր արտահայտչականություն՝ արթնացնելով անցյալի զգացումներ և օգնելով մտովի տեղաշարժվել ինքնության խորունկ շերտերի և գոյութենական վիճակների միջև»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրությունը գործելու է 2021 թվականի հուլիսի 2-ից սեպտեմբերի 26-ը: Մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրությունում։:
Գագիկ Հարությունյանը ծնվել է Երևանում: 1968 թվականին նա թողել է ֆիզիկոսի կրթությունը` իրեն ամբողջությամբ արվեստին նվիրելու նպատակով: 1970-1980ական թվականներին արվեստագետն ապրել է Լիտվայում և Լեհաստանում, իսկ 1980-ին տեղափոխվել է Կանադա, ապա` վերջնական հաստատվել ԱՄՆ-ում 1990-ական թվականներին: Նա Տորոնտոյի և Թոուսընի համալսարաններում ստացել է գեղանկարչի և քանդակագործի որակավորում: Բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրություններ է ունեցել Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Շուրջ 20 տարի նա հանդիսանում է ԴըՓոլ համալսարանի (Չիկագո) արվեստի, մեդիայի և դիզայնի բաժնի պրոֆեսոր: Նրա աշխատանքները գտվում են ԱՄՆ-ի և Լեհաստանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքծուներում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում և այլուր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները