«Փողերի լվացման մասին» օրենքի թիրախում ներառվում են նաև ՏԻՄ բարձրաստիճան պաշտոնյաները
«Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ նրանում ներառելով նաև ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մեկ այլ փոփոխությամբ կոռուպցիայի մեջ կասկածյալի դրամական միջոցների սառեցման ժամանակահատվածն ամրագրվել է 65 օր և սահմանվել է հստակ ընթացակարգ՝ այդ ընթացքում կամ քրեական գործ հարուցել կամ դրամական միջոցներն ապասառեցնել:
Հարակից ելույթում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական Եղիշե Սողոմոնյանը հայտարարեց, որ նախագծով ավելի է հարստացվել գործող օրենքը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փոփոխությունները նախատեսում են քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում՝ ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար և միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնողների, այդ թվում՝ նաև նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց:
Օրինագծով կարգավորվում է իրական շահառուի նույնականացման և ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերն՝ ըստ հաջորդականության սկզբունքի, ինչպես նաև նախատեսվել է Ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթները:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով նախատեսվել է ֆինանսական խմբի դեպքում ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորությունը: