Հնչել է Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկայացրել են Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխանցմամբ, կոմպոզիտորը տեղեկացնում է, որ կոնցերտը գրել է 2017 թվականին՝ նվիրելով այն Նարեկ Հախնազարյանին։ Էդուարդ Հայրապետյանը նկատում է, որ ստեղծագործությունը գրել է՝ ոգեշնչված թավջութակահարի կատարողական վարպետությամբ։ Առաջին անգամ այն ունկնդրել է Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, որտեղ էլ 2018 թվականին կայացել էր կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Նա ուրախությամբ է նշում, որ այսօր իր ստեղծագործությունն ունկնդրելու հնարավորություն ունեն նաև հայ երաժշտասերները։
Ներկայացնելով կոնցերտը՝ կոմպոզիտորն ասում է, որ իր ստեղծագործության մեջ պատկերել է կյանք մտնող մի հերոսի, որն անցնում է տարբեր փուլերով. «Հերոսը դուրս է գալիս պայքարի և մարտնչում իր ամբողջ ուժով։ Այդ պայքարը երկարատև է։ Գալիս է մի պահ, երբ հերոսը ցանկանում է միաձուլվել նվագախմբի, պատկերավոր ասած՝ հասարակության հետ։ Սակայն պայքարի արդյունքում նա ի վերջո իր երգն է երգում՝ դրսևորելով իր անհատականությունը»։
Ահա այս մտորումներն է հեղինակն արտացոլել կոնցերտում, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց Նարեկ Հախնազարյանը։
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս նշում է, որ ուրախ է այս հրավերը ստանալու համար՝ ղեկավարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը, նրա բնորոշմամբ, հրաշալի նվագախումբ է։
Համերգային ծրագրում հնչեցին նաև հատվածներ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։
Հարակից հրապարակումներ`
- Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
- Նարեկ Հախնազարյանը կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները