Սերժ Սարգսյան. Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, քաղաքական պատվերի շրջանակում է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանը և մյուսների գործով դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նիստին ներկա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,- նշեց նա։
Դատավորի հարցին՝ այսինքն կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:
Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանն էլ նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել, ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը որպես սուբսիդավորում, հափշտակում համարելն ուղղակի անիմաստ է ու հնարավոր չէ»:
Գործով անցնող Գևորգ Հարությունյանը նույնպես ասաց, որ իրենց մեղավոր չի ճանաչում, մեղադրանքն ամբողջովին անհիմն է:
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին և նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանին: Նրանք այս տարվա սկզբին մահացել են կորոնավիրուսից: Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությունը սկսվեց
- Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը
- Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան