Վատիկանում մեկնարկել է Լիբանանի հոգևոր պետերի հանդիպումը
Վատիկանի պապական ժողովրասրահում մեկնարկել է Լիբանանի քրիստնյա հոգևոր պետերի հանդիպումը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ: Նախքան ժողովը՝ Սուրբ Պետրոս Մայր Տաճարում հավաքական աղոթք է հնչել:
Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, ժողովի առաջին նիստում դասախոսությամբ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը՝ ներկայացնելով Լիբանանում տիրող քաղաքական, տնտեսական ներկա իրավիճակը, դրանից դուրս գալու իր տեսակետները, որից հետո շուրջ երկու ժամ քննարկում է ծավալվել:
Ներկաները դրական են արձագանել Վեհափառ Հայրապետի ներկայացրած իրատեսական վերլուծությանը:
Երկրորդ մասում դասախոսությամբ է հանդես եկել Ռայի Պատրիարքը՝ ներկայացնելով Եկեղեցու մարդասիրական ու կրթական դերը Լիբանանում տիրող ներկա իրավիճակի լույս ներքո:
Արամ Առաջինը երկու նիստերի ընթացքում էլ հաճախակի հանդես է եկել հստակեցումներով՝ մշտապես շեշտելով քրիստոնյա-իսլամ գոյակցության կարևորությունը և դրա շրջանակում հարցերը քննարկելու և լուծումներ որոնելու հրամայականը։
Կեսօրին հոգևոր պետերն ու նրանց ընկերակցող պատվիրակության անդամները ճաշել են կաթոլիկ աշխարհի քահանայապետի հետ:
Ժողովն այսօր շարունակվել է նաև կեսօրից հետո: