Եթե ես ասել եմ 20 ծանրաձող պետք է լինի, ուրեմնն այն պետք է լինի 20 հատ. Նիկոլ Փաշինյան
«Ծանրամարտի բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է նախարարությանը հատկացված գումարներից վերաբաշխում անել և թույլատրել, որ Ծանրամարտի ֆեդերացիան անհրաժեշտ գույքը ձեռք բերի մեկ անձից գնման եղանակով:
Դումանյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականի անդամները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն մարզվել նոր՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ամառային Օլիմպիական խաղերի համար արտոնագրված մարզագույքով:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեց, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմի հետ հանդիպմանն իր համար անակնկալ կերպով պարզել է, որ մարզիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեին:
Շեշտելով որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ Փաշինյանը Վահան Դումանյանին հարցրեց՝ ինչո՞ւ է երկու ամիս անց կայացվում որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը տեղ կհասնի՝ հաշվի առնելով, որ Օլիմպիական խաղերը կայանալու են 2021-ի օգոստոսին:
Վերջինս ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի պատասխանից ենթադրեց, որ հնարավոր է նաև, որ ծանրաձողերը տեղ հասնեն հաջորդ Օլիմպիական խաղերից առաջ:
«Ես խոստացել էի 20 լրակազմ ծանրաձող և որոշումից տեղկանում եմ, որ մենք ընդունում ենք որոշում 8 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին»,-հայտարարեց Փաշինյանը:
Դահլիճից ճշտեցին, որ նախագծում 7 հատ է նախատեսված, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Փաստորեն նախորդ օրվանից հետո 1 հատով էլ է պակասել»:
«Հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Եկենք պայմանավորվենք, որ նման գործելակերպն ես չեմ հանդուրժելու, եթե ես ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմնն այն պետք է լինի 20, իսկ կառավարությունը, աշխատակազմը նախարարությունը նրա համար են, որ գնան այդ հարցի լուծումը գտնեն»,-հայտնեց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
«Շնորհակալ եմ նման մոտեցման համար»,-արձագանքեց ԿԳՄՍ նախարարը և փորձեց ներկայացնել, որ գրավոր հանձնարարականը կառավարության աշխատակազմից ստացել է հանդիպումից 3 օր անց, բայց Փաշինյանն ընդհահտեց նրա խոսքը::
Վերջինս հայտարարեց, որ իր հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ այն հնչում է և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հասկանա, որ իր հանձնարարությունն անհետաձգելի գործ է:
Հարակից հրապարակումներ`
- Ընդհանրապես, գյուղմթերքի հարցով իրավիճակն էլ ավելի լավ է. Վահան Քերոբյան
- Կառավարության նիստում չհստակեցվեց, թե 52.5 մլրդ եկամուտից 9.2 մլրդ դրոշմանիշային վճարը հանելուց հետո ինչպես է ստացվում 54 մլրդ
- Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն կտա