Բաքվում շարունակվել է հայ գերիների նկատմամբ դատավարությունը
Բաքվի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում այսօր էլ շարունակել են հայ գերիներին ներկայացնել որպես զինված ահաբեկիչներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ դատարանի կողմից հստակեցվել են մեղադրվողների անձնական տվյալները։
Բաքվի դատարանում են Արցախից գերեվարված Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլյանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Վահագն Էդիկի Բեհրեքյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարթոյանը, Վելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը, Ֆելիքս Արշակի Գրիգորյանը։
Այսօր մեղադրող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։ Բաքվում հայ գերիներին սպասվում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Ըստ ներկայացված մեղադրանքի, իբր նրանք ունեցել են ապօրինի զենք, պայթուցիկ սարքեր ու նյութեր, նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 13-ը եղել են Հադրութի անտառներում՝ կազմակերպելով հրդեհներ ու այլ «ահաբեկչական գործողություններ»։
Հիշեցնենք, որ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, խոսելով հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարության մասին, ընդգծել էր Բաքվի կողմից մի շարք իրավունքների խախտման մասին։
«Նախ և առաջ դրանց չեն մասնակցում գերիների հարազատները, ուստի կարող ենք ասել, որ խախտված է հրապարակային դատավարության իրավունքը։ Մանվել Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանն ասել է, որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ քրեական գործի շրջանակներում։
Բացի այդ, Ադրբեջանը պարտավոր էր տրամադրել կապի միջոցներ, որպեսզի նրանք շփվեն իրենց հարազատների հետ։ Սա որպես մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի բաղկացուցիչ մաս։ Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվում, դատավարություն չէ, իմիտացիա է, քանի որ մենք չենք տեսնում պրիմիտիվ պայմանների ապահովում։ Մենք չգիտենք, թե նրանք օգտվել են հակընդդեմ հարցման իրավունքից»,- ասել էր Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանցին ասաց՝ ինչու պետք է գերիներին վերադարձնենք, եթե նրանք ահաբեկիչներ են․ Հայրապետյան
- Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել
- ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում