«Շունչ». Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ-ի իր ուսանողների նախագիծը՝ ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր բացվում է «Շունչ» ցուցադրությունը, որը ներկայացնում է հայազգի ամերիկացի արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր 40 ուսանողների խմբային մեծածավալ նախագիծը: Վերջինս խառը տեխնիկայով արված 125 ֆոտոկոլաժների ինստալացիա է՝ կազմված չորս հիմնական բաժիններից՝ «Երկրաշունչ և Երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին արվեստի կենտրոնից:
Ուսումնասիրելով ժառանգության և արդիության, բնության և տեխնոլոգիաների փոխհարաբերությունները՝ նախագծի հեղինակները ներկայացնում են հայկական մշակույթի արտահայտչական ներուժը՝ որպես նոր վերացական տեսողական փորձ:
«Ստեղծված աշխատանքները մեր մշակույթը նորովի ներկայացնելու փնտրտուքների ակնհայտ արդյունքն են: «Շունչ» խորագիրը սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից է, որի որոշ հատվածներ դարձել են մեր աշխատանքների գաղափարական տարրերը: Կարծում ենք, որ այն լիովին արտահայտում է ցուցահանդեսի հիմնական նպատակը՝ ցույց տալ նոր սերնդի ներուժն ու մտքի թռիչքը:
Երիտասարդներն ուսումնասիրել են դարերի փորձությունը հաղթահարած մշակութային հին ու նոր արժեքները, լուսանկարել հայկական ճարտարապետության տարբեր նմուշներ, ձեռագրեր, փորագրություններ ու խաչքարեր: Այնուհետև, հիմք ընդունելով արված հետազոտություններն ու ձեռք բերված նյութերը, սկսել ենք թվային նախագծման փուլը, որից հետո ստեղծագործությունները մշակվել են ձեռքով:
Արդյունքում, տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծված կիսաաբստրակտ աշխատանքներն անդրադառնում են մեր հավաքական ինքնությանը, պատմությանը և հիշողությանը՝ ձևավորելով հստակ ազգային տեսողական պատում, որը ներկայացնում է մեր բազմաշերտ մշակույթի բնութագիրն ու պատմական հետքը՝ անցյալից ներկա:
Կարևոր է ընդգծել, որ այս գաղափարը մեկ այլ նախաձեռնության «հիմքն» է կազմում. Հայաստանում զարգացնել հզոր դիզայներական մշակույթ», - նշում է նախագծի հեղինակ Վազգեն Բրուտյանը:
ԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի խոսքով, այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ ցուցահանդեսային ծրագրի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացառապես ներկայացրել է հայ արվեստագետների Հայաստանից և Սփյուռքից. «Արվեստագետ, ճարտարապետ և դիզայներ Վազգեն Բրուտյանի և իր 40 ուսանողների հեղինակած «Շունչ» նախագիծը Կենտրոնի վերջին ցուցադրությունն է 2015 թվականին: Նախագիծը, որը վերարժևորում է մեր մշակութային հարուստ ժառանգության արտահայտչական ավանդույթները, համարձակ նախաձեռնություն է Հայաստանը՝ որպես միջազգային կարևորության արվեստի ու դիզայնի կենտրոն ներկայացնելու հեռանկարում»:
Ցուցադրությունը գործելու է մինչև դեկտեմբերի 27-ը: Սրահի մուտքը կլինի անվճար հոկտեմբերի 9-ից 11-ը:
Հայազգի արվեստագետ, ճարտարապետ և դիզայներ Վազգեն Բրուտյանը Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքից է: Ուսումնառելով նկարչություն և ճարտարապետություն` Բրուտյանն իր աշխատանքներում համակցում է այդ երկու ուղղությունների փորձը: Նրա արվեստի գործերը ցուցադրվել են ԱՄՆ թանգարաններում և ցուցասրահներում՝ անհատական և խմբային ցուցահանդեսների շրջանակներում: Աշխատելով լավագույն ճարտարապետական ընկերություններում՝ Բրուտյանը Լոս Անջելեսում ձևավորում է Archi Design Group-ը: 2009 թվականին հիմնում է «Փորձարարական արվեստ և ճարտարապետություն կենտրոն»-ը՝ հանդես գալով որպես կենտրոնի տնօրեն և համադրող: Այդտեղ ցուցադրվել են սկսնակ և հայտնի արվեստագետներ, ճարտարապետներ, կինոռեժիսորներ և լուսանկարիչներ, ովքեր նորարարությունների շնորհիվ նպաստել են իրենց ընտրած ուղղության զարգացմանը: 2013 թվականից Վազգեն Բրուտյանը տեղափոխվել է Երևան: Ներկայումս նա դիզայնի դասընթացներ է անցկացնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ղեկավարում է կենտրոնում իր նախաձեռնությամբ ձևավորված «Արդեան» նախագծող խումբը: Վերջինս նպատակ ունի աջակցել Հայաստանում արվեստի, ճարտարապետության և դիզայնի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում