Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազություն
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում, որ գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
Հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել
- Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը նշանակում է՝ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. Վարոսյան
- Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
- Ինձ Արցախից հեռացրին «Լելե-Թեփե»-ի օպերացիան իրականացնելու համար. Մովսես Հակոբյան