Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից. խնդիրներ և մարտահրավերներ
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը կպահպանի իր զորքերի մի մասը Աֆղանստանում՝ Քաբուլում իր դեսպանատունը պաշտպանելու համար։ Այստեղ մնացող զորքերն ավելի մեծաքանակ են, քան սովորաբար դեպանությունների անվտանգության ուժերի թվաքանակը: Բացի այդ, ամերիկյան մի շարք ստորաբաժանումներ որոշ ժամանակ ևս կմնան այստեղ՝ կարևոր ռազմավարական օբյեկտների, ներառյալ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովվելու նպատակով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է նաև, որ Աֆղանստանում լարվածությունը չափազանց բարձր է, քանի որ թալիբները ձգտում են ավելի շատ շրջաններ վերցնել իրենց վերահսկողության տակ:
Նա շեշտում է, որ տեղի ունեցող զարգացումները կասկածի տակ են դնում խաղաղ գործընթացի օրինական, վստահելի մասնակից լինելու թալիբների ջանքերի անկեղծությունը: Քիրբիի խոսքերով՝ քաղաքական այն գործընթացը, որը տանում է դեպի բանակցային կարգավորում և Աֆղանստանում ռազմական գործողությունների դադարեցում միակ ճիշտ ճանապարհն է երկրի ապագայի համար, որին կողմնակից է Միացյալ Նահանգները: Դա այն է, ինչը փորձում է իրականացնել գործող վարչակազմի վարած քաղաքականությունը, ասում է մամլո խոսնակը:
Երեքշաբթի օրը Աֆղանստանում ամերիկացի բարձրաստիճան գեներալ Օսթին Միլլերը մտահոգիչ է որակել շրջանների արագ անցումը Թալիբանի վերահսկողության ներքո: Նա կոչ է անում ուշադրություն դարձնել այս հանգամանքին և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, քանի որ, ըստ գեներալի, այս շրջանների կորուստը կարող է առաջ քաշել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ազգաբնակչության և նահանգային մայրաքաղաքների համար:
Միացյալ Նահանգները խոստացել է շարունակել ֆինանսական օգնությունը աֆղանական զինված ուժերին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն և օդանավերի տեխնիկական սպասարկում: ՆԱՏՕ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ կշարունակի պատրաստել աֆղանական ուժերին Աֆղանստանի տարածքից դուրս: