Երեք քաղաքացու մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է. Անահիտ Ավանեսյան
Սիբիրյան խոցով հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը միջին և թեթև ծանրության է, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանում են, բուժման կուրսն ամբողջովին նրանց կտրամադրվի։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել էր նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ երեք քաղաքացու մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են, իրականացվում են, ամբողջ համայնքն ու շրջակայքն իրենց խիստ վերահսկողության ներքո կգտնվի, փորձանմուշներ են վերցրել հողից և ինչ անհրաժեշտ է, արված է:
Նա նաև ասաց, որ հիվանդության փոխանցման աղբյուրը հայտնի չէ, դա իրենց գործը չէ, ՍԱՊԾ-ին պետք է ուղղել: