Հարութ Սասունյան. Զարեհ Սինանյանը կեղծիքներ է տարածում
168.am-ը գրում է.
«Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։
Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը բամբասանք հիշեցնող մի քանի աղմկահարույց հայտարարություններ էր արել, որոնք կարող էինք անտեսել ընտրարշավի աղմուկի մեջ, եթե շարքային քաղաքացու կողմից արված լինեին, և ոչ թե՝ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ Սփյուռքի հանձնակատարի։
«Մի բան կարող եմ ասել՝ ընտրությունների արդյունքում, եթե իշխող ուժը հաղթանակի, ներդրումները կլինեն, եթե որևէ անհաջողություն լինի, Հայաստանում ներդրում ոչ ոք չեն անելու․ չեն անի պարզապես, որովհետև ոչ ոք չի ուզում առնչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ․ սա փաստ է»։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ բանակցություններ կան արտասահմանյան խոշոր ներդրողների հետ, որոնք իր իշխանության գալու պարագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, Զարեհ Սինանյանն արձագանքել էր․
«Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոյեկտներ էին անում, և որով պայմանավորված էր նաև այն կեղծ տնտեսական աճը, որը գրանցվել է իր օրոք, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցին գործ ունենալ գողերի ու հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ, USLA համալսարանին․ չուզեցին տալ Հայաստանին, ես ի՞նչ պատասխանեմ»։
Նկատենք՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի նշած իշխող ուժը, որի վերընտրության պարագայում միայն ականատես պետք է լինենք ներդրումների, երեք տարի և ավելի իշխանության էր, բայց երեք տարիների ընթացքում այդ ներդրումների մասին հասարակ մահկանացուներս միայն լսեցինք և այդպես էլ չտեսանք․ ի դեպ, դեռ փետրվար ամսին 168.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին գրավոր հարցեր էր հղել՝ խնդրելով նշել, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին, և որո՞նք են առաջին հինգ խոշոր ներդրողները, սակայն ցայսօր այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել։ Եվ հավելենք, որ Զարեհ Սինանյանի ներկայացրած պատմությունը՝ «Քըրքորյանի մարդկանց» մասին, հերքում է Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
168.am-ի հետ զրույցում Հարութ Սասունյանը ցավով արձանագրեց՝ հուսախաբ է, որ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն է կեղծիքներ տարածում։
«Եթե փողոցից մի մարդ լիներ այդ ամենն ասողը, դա ոչինչ, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյա է և նման մեծ ստեր է ասում, շատ ցավալի է և ամոթալի,- ասաց նա՝ նկատելով,- Եթե չէր իմանում, կարող էր ինձ զանգահարել և ճշտել․ ես իրեն կասեի, որ դա մեծ սուտ է․ պարոն Քըրքորյանի գումարները չեն գողացվել։ Ես էի պատասխանատուն, ես վերահսկել եմ, և ամեն բան արվել է, որպեսզի պարոն Քըրքորյանի գումարներն իրենց ազնիվ նպատակին ծառայեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան