Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանը ներկա է դատական նիստին։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան