Ուկրաինացի լրագրողը ծեծել է պատգամավորին վաճառված հողի համար
Ուկրաինացի հայտնի լրագրող Իրմա Կրատը հարձակվել է Գերագույն ռադայի պատգամավոր Նիկիտա Պոտուրաևի վրա, որը Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ է: Լրագրողը բռունցքով հարվածել է պատգամավորի դեմքին, այնուհետև պայուսակով խփել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մորատորիումը վերացնելու համար: Այս մասին գրում է «Strana.ua» կայքը:
news.ru կայքը գրում է, որ հարձակման տեսանյութը հայտնվել է Իրմայի ֆեյսբուքյան էջում: Կադրերում երևում է, թե ինչպես է լրագրողը ծեծում պատգամավորին:
«Ես զգուշացրել էի, որ վաճառված ուկրաինական հողի համար կհարվածեի դեմքին», - տեսանյութի տակ գրել է նա:
Թերթին տված հարցազրույցում Կրատն ասել է, որ պատգամավորին հարվածելուց առաջ հատուկ պարզել է, որ նա «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ է, որը լոբբինգ էր անում հուլիսի 1-ից մորատորիումի վերացման համար:
«Խփելուց առաջ ես պարզեցի՝ արդյո՞ք նա «Ժողովրդի ծառայից» է, որպեսզի չսխալվեմ: Նա հաստատեց, ես անմիջապես նրա դեմքին հարվածեցի: Պոտուրաևը ցնցվեց, և ես պայուսակով նրա գլխին էի հարվածում», - պատմել է լրագրողը:
Կրատը բացատրել է՝ այս խմբակցության պատգամավորներն իրենց նախընտրական ծրագրում խոստացել էին, որ հանրաքվե կանցկացնեն «հողի հարցի» շուրջ:
«Եվ դա ավարտվեց նրանով, որ թույլ չտրվեց անցկացնել հանրաքվեն: Եվ ուկրաինացիների 75 տոկոսը դեմ է», - եզրափակել է Կրատը: