Վարդևանյան. Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ
««Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է մուտքագրել դիմում ԿԸՀ հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»,- ընթացող ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մանրամասնելով, այսինքն, վիճարկել են ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, փաստական հանգամանքները։
Նրա խոսքով, դիմումը բավականին ծավալուն է, կցված են ապացույցներ, այդ թվում նաև կրիչներով։ ՍԴ-ն դաշինքի դիմումը քննարկման առարկա է դարձնելու թե քանակական խախտումների իմաստով, որոնք վերաբերում են քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խնդիրներին և որոնց վերաբերյալ տվյալներ են ներկայացրել տարբեր տեղամասերից։ Դիմումը քննության առարկա է դառնալու նաև որակական առումով։
«Սա վերաբերելու է այն խումբ հարցերին, որոնք վերաբերում են ապրիլի 25-ից արձանագրված խնդիրներին։ Դիմումում ներկայացված են 12 խումբ խնդիրներ, կից փաստաթղթեր, դրանց մանրամասն հիմնավորումներ»,- ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչն ու արձանագրեց՝ առաջին անգամ է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա է դառնալու, քանի որ օրենքն ընդունվել է 2018 թվականին։
Վարդևանյանի խոսքով, ՍԴ աշխատակազմը պատրաստակամ ու պատշաճ կերպով արձագանքում է նոր օրենքով կարգավորումների վերաբերյալ եղած հարցերին։
Նրա կարծիքով, այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ։
«Ըստ առկա տեղեկությունների, Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր։ Ես նման ծավալով սահմանադրական արդարադատության առարկա չեմ հիշում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
- «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ. Սոս Հակոբյան
- «Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան
- ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումից 15 օր հետո