Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
«Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝ 39.4 աստիճանը»,-ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական պայմանները ձևավորում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանից ներթափանցող տաք հոսանքները, որոնց բուռն ներհոսքն, ըստ օրինաչափության, սկսվում է հուլիսից, բայց այս տարի դրանք սկսել են Հայաստան ներթափանցել հունիսի առաջին 10-օրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այն ավելի է սրվել:
«Ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-ից 29-ը ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերին հանրապետության մի շարք շրջաններում, Արարատյան Դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեց երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»,-ասաց Սուրենյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ և առավելագույն ցուցանիշներով ամենատաքը:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Մասրիկի հատվածում, Արարատյան դաշտի Արտաշատ-Ուրցաձոր հատվածում և Երևանի առանձին հատվածներում ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել, իսկ Լոռի, Շիրակ հատվածում տեղացել է տեղումների ամսական նորմի 30-40%-ը:
Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ այս երևույթը գիտնականներն կապում են Խաղաղ օվկիանոսի Բրազիլիայի և Արգենտինայի հատվածներում Էլ-Նինյո և Լա-Նինյա ծովային հոսանքների հետ, որից երկրորդը սառը հոսանքն է, որի թուլացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման, որն էլ իր հերթին ամնիջականորեն ազդում է Երկրագնդի տարբեր հատվածների եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա: