«Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ
«Առաջին իրադարձությունը՝ «Արժանապատվության երթ» ֆիլմի պրեմիերան, տեղի ունեցավ և ավարտվեց շատ հաջող», – ասել է «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչ Թամազ Սոզաշվիլին, գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, ՆԳՆ-ն մինչ այժմ բավականին արդյունավետ է աշխատել:
«Ես կցանկանայի շնորհավորել «Թբիլիսի փրայդի» յուրաքանչյուր անդամի, մեր գործընկեր կազմակերպություններին և մեր կողմնակիցներին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Հուսով եմ, որ այս լիցքն ու վերաբերմունքը կշարունակվեն, և մենք փրայդի շաբաթյակի մյուս երկու միջոցառումները կանցկացնենք նույն հաջողությամբ:
Ներքին գործերի նախարարությունը մինչ այժմ բավականին արդյունավետ է աշխատել: Մեզ համար շատ կարևոր է, որ այս լարվածության պայմաններում երաշխավորվի անվտանգությունը: Ամենակարևորը՝ այս հանգստությունը պահպանել մինչև վերջ, և այս օրը դաս կլինի ՆԳՆ-ի ապագայում ավելի արդյունավետ դառնալու համար», – ասաց Թամազ Սոզաշվիլին:
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնի խոսքով, Միացյալ Թագավորությունը հպարտ է աջակցելու «Թբիլիսի փրայդի» շաբաթյակում ընթացքում անցկացված միջոցառմանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է ունենա ազատ հավաքվելու հավասար իրավունք: Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը միջոցառմանը անվտանգության ապահովման համար:
Նշվում է, որ հուլիսի 1-ին մեկնարկել է «Թբիլիսի փրայդի» շաբաթյակը: Առաջին միջոցառումը ֆիլմի ցուցադրություն էր, որին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: «Փրայդի» հակառակորդները հավաքվել էին այն տարածքի մոտ, որտեղ ցուցադրվում էր ֆիլմը: Իրավիճակը տեղում լարվել է մի քանի անգամ: Իրավապահ մարմինների և «Փրայդի» հակառակորդների միջև առճակատման ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու: