ԱՄՆ ՌԾՈՒ նավից նկարահանել են Սև ծովում անցկացվող ռուսական զորավարժությունները
Ամերիկացի լրագրողը, որը գտնվում էր «USS Ross» նավի վրա, նկարահանել է Սև ծովում ռուսական նավերի ու ինքնաթիռների վարժանքները: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ կադրերը հրապարակվել են Twitter-ում:
Ռուսական զորավարժությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի «Sea Breeze 2021» բազմազգ զորավարժությունների ֆոնին: Տեսանյութում ներառված են ռուսական «Լադնի» ռազմանավը և ուսումնական թռիչքներ իրականացնող ինքնաթիռներ:
Ավելի ուշ Սևծովյան նավատորմի տեղեկատվության ծառայությունը հայտնել է, որ թռիչքներին մասնակցել են Սու-30 ՍՍ կործանիչներ, Սու-24 Մ մարտավարական ռմբակոծիչներ, Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ և Սու-27 կործանիչները: Օդաչուները փորձարկել են հրթիռային և ռմբային հարվածները:
«Sea Breeze 2021» բազմազգ զորավարժությունները սկսվել են հունիսի 28-ին Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում, ինչպես նաև Ուկրաինայի Նիկոլաևի, Խերսոնի և Օդեսայի մարզերում: Նախատեսվում է, որ դրանք կլինեն ամենամեծը վերջին 20 տարվա ընթացքում, որին կմասնակցեն շուրջ 3000 զինծառայող: