Գևորգ Դանիելյան. Հիշեք, միջազգային փորձը ձեզ պատրաստի դեղատոմսեր երբեք չի փոխանցի
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Սահմանադրության օրվա խորապատկերում
Մի շարք նորամուծություններ, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը, Արդարադատության ակադեմիան, Իրավաբանական անձանց գրանցման կենտրոնական համակարգը և այլն, անձամբ իմ մտահղացման արդյունքներն են։
Նաև շատ այլ ծրագրեր (օրինակ, բնակչության սպասարկման «Միասնական մեկ պատուհան»֊ի, «Արտադրական խեղման» արդյունքում հաշմանդամների համար ապահովագրական հիմնադրամի ինստիտուտները) անիրագործելի մնացին՝ հոգ չէ։ Ընդ որում, Արդարադատության ակադեմիայի շենքը կառուցվել է իմ օրոք, նույնիսկ նախագիծը աշխատանքային կարգով քննարկել եմ արվեստի մարդկանց հետ։
Հիմա ինձ ընկերներս հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ, կարծես, վերանայել իմ մոտեցումները, օրինակ՝ ինչո՞ւ եմ արդեն առաջ քաշում միասնական քննչական մարմնի գաղափարը։
Իրականում ոչ թե վերանայում եմ, թեպետ՝ երբեք չեմ ղեկավարվել իբր անսխալականության մարմաջով, այլ ցանկանում եմ, որ բոլոր այն պատասխանատուները, որոնք կամա, թե ակամա բարեփոխումների ակունքներում են, ընկալեն մի առանցքային մեկնակետ՝ ցանկացած գերազանց գաղափար չի կարելի լիարժեք կյանքի կոչել՝ առանց նախապատրաստական, էվոլյուցիոն փուլերի։
Երբեմն հրապուրվում եք արտասահմանյան որևէ ինստիտուտով, ձգտում անհապաղ այն «յուրացնել», բայց անտեսում եք, որ դրանք մի օրում չեն ձևավորվել, այլ անցել են բարդ ճանապարհ, հաղթահարել խոչընդոտներ։ Հիշեք, միջազգային փորձը ձեզ պատրաստի դեղատոմսեր երբեք չի փոխանցի, իսկ միջազգային փորձագետները, որոնք մեծամասամբ քաղաքականացված են ու, որպես կանոն, միջակություններ, ձգտում են ինչ֊որ բան հապճեպ «խցկել», այնուհետև՝ վերադասին հաշվետվություններ ու զեկույցներ ներկայացնելով՝ «պարգևավճարներ» կորզել։
Հ.Գ. Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածն ընկալեք ընդամենը որպես խորհրդային իրավագիտակցության իներցիոն հետագիծ (ինքս կոչ կանեի հարմար առիթի դեպքում, վերջապես, հրաժարվել այդ բոլշևիկյան լոզունգից), ոչ թե այն դիտարկել պերմանենտ չարաշահման հարմար նյութ...»։
Հարակից հրապարակումներ`
- Հարկ է վերանայել 12-ամյա կրթությունը և դպրոցների դասակարգման անարդարացի համակարգը․ Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Տա Աստված՝ էլ երբեք չլինի հայ մարդ, որը ողջ գիտակից կյանքի պարտադիր մաս կհամարի Հայ Եկեղեցու դեմ արշավը
- Գևորգ Դանիելյան․ ՔՊ-ն կանխազգալով իրենց հասցեին ուղղված «ողջույնները»՝ ՔՕ-ում նախատեսեցին պատասխանատվություն՝ նախընտրական հավաքը իբր խոչընդոտելու համար