Վստահեցնում եմ՝ թիվը, թե որքան ջուր է մտնում Սևանա լիճ, ստույգ չէ․ Ինգա Զարաֆյան
Փոքր ՀԷԿ-երը սպառնալիք են հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների համար։ Նրանց գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում: Առաջին հերթին դա կապված է գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ։
Panorama.am-ի հետ զրույցում բնապահպան Ինգա Զարաֆյանը փաստեց՝ հատկապես բուֆերային գոտիներով անցնող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը էկոհամակարգային խնդիրներ են առաջացնում։
«Օրինակ՝ Սյունիքում Շիկահողի արգելոցի տարածքով անցնող Ծավ գետի վրա կան կառուցված ՓՀԷԿ-եր, որոնք ավերում են ձկնաշխարհը, արդյունքում՝ արդեն իսկ կան անհետացած էնդեմիկ տեսակներ։ Դիլիջան ազգային պարկի տարածքով անցնող Աղստև գետի վրա ևս կառուցված են ՀԷԿ-եր։ Էլ չեմ ասում Սևանա լիճի մասին»,- ասաց Զարաֆյանը։
Սևանի ավազանում՝ ներառյալ «Սևան» ազգային պարկի տարածում գործող ՀԷԿ-երն են․
1. «Ռեյգալ» ՍՊԸ, «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-1, ՓՀԷԿ-2, Կարճաղբյուր գետ
2. «Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ, «Անի» ՓՀԷԿ Կարճաղբյուր գետ
3. «Ջրասահք» ՍՊԸ, «Վարդենիկ» ՓՀԷԿ, Վարդենիս գետ
4. «Լուսակունք» ՍՊԸ, «Այրք» ՀԷԿ-երի համալիր, Այրք գետ
5. «Լուսակունք» ՍՊԸ, «Ավազան» ՓՀԷԿ, Ավազան գետ
6. «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ, «Արգիճի» ՓՀԷԿ, Արգիճի գետ
Զարաֆյանի խոսքով՝ այս ՀԷԿ-երի աշխատանքն ընդհանրապես պետք է արգելվեր, սակայն հակառակն է տեղի ունենում․
«ՀԷԿ-երից մեկը հանգույց է ավելացնում, մեծացնում հզորությունը։ Իսկ Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ-ի 11 մետրանոց խողովակը, որտեղ ունենք Կարմիր գրքում գրանցված և էնդեմիկ տեսակներ, ամեն ինչ ոչնչացնում է՝ և ձկնաշխարհը, և առհասարակ գետի էկոհամակարգը»։
Գետերի ջուրը միայն ՀԷԿ-երը չէ, որ օգտագործում են։ Այն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։ Այսպես՝ գյուղացին տարիներով օգտագործում է գետի ջուրը ՝ պահելով հաշվեկշիռը, սակայն մի օր այդ բալանսը խախտվում է։
«Ոռոգվող տարածքների համար նախատեսված ջրի քանակը խախտվում է, քանի որ ՀԷԿ-ը ամբողջ ջուրը վերցնում է ու բաց է թողնում գյուղի համար լրիվ անհարմար տեղ՝ ներքևում։ Արդյունքում գյուղացին մնում է առանց ջուր և սկսում է որտեղից պատահի նոր խողովակ անցկացնել, ջուր քաշել։ Այս գործընթացը դուրս է վերահսկողությունից։ Գոյություն ունեցող ջրային բալանսը լրիվ խախտվում է, որի պատճառով ջուրը չի էլ հասնում Սևանա լիճ»,- պարզաբանեց Զարաֆյանը։
Արդյունքում, ըստ նրա, առաջանում են շղթայական խնդիրներ։ Մասնագետի պնդմամբ՝ թե որքան ջուր է թափվում գետերից Սևանա լիճ, ստույգ տվյալներ չկան։
«Վստահեցնում եմ, որ այդ թիվը, թե որքան ջուր է մտնում Սևանա լիճ, սխալ է։ Մենք էլ դա լավ գիտենք, պաշտոնյաներն էլ։ Չկարգավորված գետի ջրի օգտագործումը հանգեցրել է նրան, որ նույնիսկ չգիտենք Սևանա լիճ թափվող ջրի քանակի ստույգ թիվը։ Մեր բոլոր եզրակացությունը՝ լճի բալանսի հետ կապված անորոշ են»,- հավելեց բնապահպանը։
Նրա խոսքով՝ Կառավարություն են ներկայացրել ՀԷԿ-երի գործունեության հետ կապված խնդիրների լուծման առաջարկությունների փաթեթը։ Թեև շատ փոքր քայլերով, բայց փորձ են անում սայլը տեղից շարժել։
Ինգա Զարաֆյանը վստահ է, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում առհասարակ պետք է արգելվի ՀԷԿ-երի կառուցումը, քանի դեռ ռիսկերը վերահսկելի չեն։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- ՀՀ անտառվերականգնման աշխատանքների ծավալը 2015 թ-ին հասել է գրեթե զրոյական մակարդակի. Ինգա Զարաֆյան
- Ի. Զարաֆյան. Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է
- Ինգա Զարաֆյան. Շրջակա միջավայրի վիճակը վատացել է
- Զարաֆյան. Այս փոքր տարածքում բոլորը հանքավայրեր են որոնում, սա փոքր Հայաստանն է
- Ի. Զարաֆյան «Եթե կորցնենք Սևանը, կկորցնենք ողջ հանրապետությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին