Ընտրությունների արդյունքները չեն լեգիտիմացնում Արցախի կորուստը, Հայաստանի՝ Արցախից հրաժավելը. Արմեն Աշոտյան
«Բանաձևը որով կապտուլյանտը փորձելու էր պահպանել իշխանությունը շատ պարզ էր՝ զիջել ամեն ինչ, ինչ պահանջում է Ադրբեջանը և Թուրքիան, երկրորդը՝ Հայաստանից և Արցախից մնացած տարածքները հանձնել ՌԴ պաշտպանության ներքո, երրորդ՝ փորձել վերարտադրվել»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հիշեց իր նախկին պնդումը, որ խորհրդարանական ընտրություններն իրավիճակից ելք չեն բերելու, այլ դառնալու են դժոխքի հերթական շրջանը ՀՀ-ի և Արցախի համար և նկատեց, որ արտաքին և ներքին զարգացումները զարմանալիորեն համադրված են վերջին քաղաքական օրակարգում:
Հայտնելով, որ վերջերս է վերադարձել Բրյուսելից՝ Աշոտյանը ներկայացրեց իր տպավորությունները, ըստ որոնց՝ աշխարհում կար կոնսենսուս, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական անհանգիստ վիճակը պետք է հանգուցալուծվեր ոչ թե փողոցով, այլ ընտրություններով:
«Այս ընտրությունները պետք էին աշխարհին, ոչ թե ՀՀ-ին»,- հայտարարեց Աշոտյանը և պարզաբանեց, որ դրանց նպատակը գոլորշին բաց թողնելն էր և ի դեմս Հայաստանի ունենալ լեգիտիմության մանդատ թարմացրած իշխանություն՝ տարածաշրջանային հետագա զարգացումների համար չեզոքացնելու այն բորբոքված օջախը, որին վերածվել էր Հայաստանը:
ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ այս ընտրությունները Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:
«Արտերկրի բոլոր մարդկանց, որոնց թվում է, թե ընտրությունների այն արդյունքը, որը գրանցվեց, լեգիտիմացնում է Արցախի կորուստը, Հայաստանի՝ Արցախից հրաժավելը և այն իրողությունը, որ Հայաստանը ներկայիս իրավիճակում վերածվել է մանրադրամի, բոլորը սխալվում են»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել էր՝ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում Արցախի կորստի լեգիտիմացումը:
Աշոտյանն այս ուղերձը համարեց կարևոր արտաքին քաղաքականության առումով և բոլոր առողջ քաղաքական ուժերին հորդորեց պարբերաբար այն հղել արտաքին լսարանին:
«Ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և կայուն ապագայի հետ կապված»,- ասաց բանախոսը:
Նա անդրադարձավ նաև հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ մասնավորապես հնչեցված այն թեզին, ըստ որի՝ Արցախի շուրջ բանակցությունները պետք է շարունակել «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո:
«Ես տեղեկացված եմ, որ անհայրենիք սրիկայի վերջին մոգոնումները Արցախի հետ կապված՝ բանակցությունները պետք է շարունակել այդ սկզբունքով, այլ ոչ թե ինքնորոշման սկզբունքի և Մադրիդյան հայտնի մյուս երկու սկզբունքների վրա, համաձայնեցված չեն, բանակցված չեն Մինսկի խմբի համանախագահ և ոչ մի երկրի հետ»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամը և ենթադրեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Արցախյան օրակարգով մի խաղ խաղալ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը:
Նա այս միտումը շատ վտանգավոր համարեց, քանի որ միջազգային հանրության մոտ կա Արցախյան հարցը դե ֆակտո լուծված համարելու գայթակղություն: