Իսահակյանում անկած կենդանիներն ու բնակիչների ունեցած 200 կգ միսն այրել են
«Իսահակյան գյուղում համայնքային անասնաբույժը ստացել է պատվաստանյութը, սակայն պատվաստում չի իրականացրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Շիրակի այս գյուղի 70-ամյա անասնաբույժն Իսահակյանում սիբիրյան խոցի ի հայտ գալուց հետո ինքնասպանություն է գործել։ «Ազատություն» ՌԿ-ի հաղորդմամբ, Իսահակյանում 1169 կենդանիներից պատվաստվել են 320-ը։ Պատվաստանյութի չօգտագործված խմբաքանակը տեղում է եղել։
Գյուղում անկել է վեց խոշոր եղջերավոր, վեց մանր անասուն։
Հարությունյանը նշում է, որ անկած բոլոր անասուններն այրվել են։ Բացի այդ, գյուղի բնակիչների տներից հավաքել են 200 կգ միս։ Դա էլ են այրել։ Հունիսի 29-ին հիվանդության ի հայտ գալուց հետո ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են գյուղ, բոլոր անասուները պատվաստվել են։
Գեղարքունիքի 2 գյուղերում՝ Վանևանում ու Տորֆավանում անկել է 24 խոշոր եղջերավոր, 6 մանր եղջերավոր անասաուն։ ՍԱՏՄ ներկայացուցչի հավաստմամբ, բոլորն այրվել են։
«Այստեղ վակցինացիան արված է եղել, ասում են, որ բոլոր կենդանիները չէ, որ զգայունակ են, երբեմն պատվաստանյութը որոշ կենդանիների վրա չի ազդում։ Գեղարքունիքում կարծես հենց այդպես էլ եղել է»,- ասաց Հարությունյանը՝ չբացառելով նաև, որ հիվանդությունը Գեղարքունիքի այդ համայնքերում տարածվել է Արցախից բերված ու չպատվաստված կենդանիների միջոցով։
Հուլիսի 1-ից ի վեր, ըստ միության խոսնակի, անասուների շրջանում անկման նոր դեպքեր չեն գրանցվել։ Պայմանավորված հիվանդության դեպքերով՝ պատվաստման նկատմամբ վերահսկողությունը խստացվել է։
Երեկ առողջապահության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:
Հարակից հրապարակումներ`
- Իսահակյան գյուղում ևս սիբիրախտի դեպքեր են գրանցվել, անասնաբույժն ինքնասպան է եղել
- Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
- Երեք քաղաքացու մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է. Անահիտ Ավանեսյան
- Գեղարքունիքի մարզում 3 քաղաքացու մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները