Ուկրաինական ձկնորսական նավին օգնության է հասել ՌԴ հրթիռակիր նավը
Ուկրաինական ձկնորսական նավը Սև ծովից ուղարկել է SOS ազդանշան: ՌԴ Սևծովյան նավատորմի հրթիռակիր նավը ստացել է ազդանշանը և շարժվել ձկնորսների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
«Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռակիր նավը, որն առաջադրանք է կատարում Սև ծովում, ուղարկվել է տարածք, որտեղ աղետի է ենթարկվել ուկրաինական «OD-2592» ձկնորսական նավը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ձկնորսական նավում 4 մարդ կա: Ուկրաինական նավը գրանցված է Օչակով նավահանգստում:
«OD-2592»-ի հրամանատարի խոսքով՝ նավի շարժիչը խափանվել էր, ինչի հետևանքով այն հոսանքազերծվել էր և դարձել անկառավարելի, այդ պատճառով էլ ինքը ռուսական կողմից օգնություն է խնդրել վթարի մասին ուկրաինական իշխանություններին տեղյակ պահելու հարցում։
Ներկա պահին միջադեպի տարածքում են գտնվում Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռակի նավը և ՌԴ ԱԴԾ սահմանային «Բեզուպրեչնի» նավը: