Քարոզարշավի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն օգնել է Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան
«Կյանքը ցույց է տվել և դրա հավաստիացումներն արդեն կան, որ այս հարցերում Նիկոլ Փաշինյանն ուղիղ բանակցում է Իլհամ Ալիևի հետ»,- ասուլիսում գերիների վերադարձի մասին խոսելիս հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելեց, որ ՀՀ արտգործնախարարությունն էլ չի գործում, ինչը փաստում է ԱԳ նախարարի և փոխնախարարների հրաժարականները:
Ըստ Ղազարյանի՝ քարոզարշավի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն օգնել է Նիկոլ Փաշինյանին՝ լավ իմանալով, թե ընտրությունների նախաշեմին ինչ նշանակություն ունի մի քանի գերու վերադարձը:
Նկատելով, որ գերիները վերադարձվել են ականապատ տարածքների քարտեզների դիմաց՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստ է իր որդուն տրամադրել գերիների դիմաց, բայց փաստը մնում է այն, որ վերջինս շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, վայելել իր կյանքը, բայց մեր քարտեզները հանձնվում են, իսկ գերների մեծ մասը մնում է թշնամու մոտ»:
Բանախոսը նաև նկատեց, որ ականապատ տարածքների քարտեզների հանձնման վերաբերյալ կառավարության տարածած հաղորդագրության մեջ տարածքների անուններն ադրբեջանական են, ոչ թե հայկական:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է անիշխանության մեջ, այսօր պետությունը չունի իշխանություն, որը զբաղվի իր ազգային, պետական շահերով, իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Նա պնդեց, որ քարտեզների հանձնումը թշնամուն հույժ գաղտնի տեղեկատվության փոխանցում է, որը որևէ կապ չունի ռազմագերիների հետ, իսկ վերջիններիս պետք է եռակողմ հայտարարության շրջանակներում վերադարձնեին:
Հայտնելով, որ տեղի է ունենում պետական դավաճանություն՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բացատրեց. «Ըստ էության, այդ մարդկանց վերադարձն ուղղակի քողարկող ֆոնն է, իրականում կատարվում է հայկական կողմի համար հույժ կարևոր, իսկ ադրբեջանական կողմի համար կենսական նշանակության ունեցող տեղեկությունների փոխանցում և այդ հանցանքը քողարկելու համար մի քանի մարդ են բերում Հայաստան»
Նա համոզված է, որ եթե այդ քարտեզները Ադրբեջանին չհանձնվեր, ապա նրանք չէին կարող այդ տարածքներն օգտագործել, քանի որ ականազերծման համար Ադրբեջանին տասնյակ տարիներ և մեծ միջոցներ էին անհրաժեշտ:
«Նիկոլ Փաշինյանը պատերազմի ձևակերպմամբ տարածքները հանձնեց թշնամուն և հիմա էլ ստեղծում է բոլոր նախադրյալները թշնամու կողմից դրանք լիարժեք օգտագործելու համար»,- հայտարարեց Ղազարյանը և հավելեց, որ «գերիներ՝ քարտեզների դիմաց» նոր պայմանը ոչ մի տեղ գրված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան