Մահացել է հայտնի դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովը
82 տարեկանում կորոնավիրուսի հետևանքներից մահացել է կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԴ ժողովրդական արտիստ, օսկարակիր Վլադիմիր Մենշովը: Լուրը հայտնել է «Մոսֆիլմը»։
«Մենք կորցրեցինք մեր սիրելի ընկերոջը, ով իր ամբողջ ստեղծագործական ուժերն ու պայծառ տաղանդը տվեց իր հայրենի կինոստուդիային, իսկապես սիրված ռեժիսորին, ում հիանալի ֆիլմերը միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են», - նշված է ցավակցական տեքստում:
Ռիա նովոստին գրում է, որ հունիսի 26-ին հայտնի էր ռեժիսորի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Նաև նշվել էր, որ հիվանդությունը մեղմ ընթացք ունի:
Հուղարկավորության օրն ու վայրը ավելի ուշ կհաղորդեն:
Մեծ կինոյում որպես դերասան առաջին անգամ հանդես է եկել 1972 թվականին Ալեքսեյ Սախարովի «Մարդն իր տեղում» դրամայում: Ընդհանուր առմամբ, նա ունի մոտ 120 դեր:
Ռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 1976 թվականին: Նրա «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը 1981 թվականին «Օսկար» է ստացել «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
2014թ-ին Վլադիմիր Մենշովը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարման համար «Լեգենդ թիվ 17» ֆիլմում Էդուարդ Բալաշովի դերը մարմնավորելու համար: