Գնալու եմ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Էդգար Ղազարյան
«Դատարանը մերժել է իմ հայցը, բայց այնտեղ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է մերժել այն, որովհետեև, եթե որևէ իրավական ակտի հղում արվեր, ապա ստիպված էին լինելու բավարարել իմ հայցը»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հիմնավորեց, որ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին չկա ոչ մի որոշում, ինչպես չկա Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ որոշում:
Բանախոսը պնդեց, որ առանց իրեն պաշտոնից ազատելու, մեկ ուրիշին են նշանակել ՍԴ աշխատակազմի ղեկավար և նույնիս մտահոգություն ունի, որ մի օր իրեն մեղադրեն, թե ինչո՞ւ չի գնում և կատարում իր պաշտոնական պարտականությունները:
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ Արման Դիլանյանը մինչև Սահմանադրական դատարանի անդամ լինելը Վարչական դատարանի դատավոր է եղել և իր գործը քննող դատավորը խոստովանել է, որ նրանք Դիլանյանի հետ մտերիմ ընկերներ են:
«Չնայած հավաստիացրեց՝ այդ հանգամանքը չի ազդի արդարադատության վրա, բայց վճիռը ցույց տվեց, որ ազդել է միայն այդ գործոնը, որովհետև ոչ մի իրավական հանգամանք դատարանը չի քննարկել և հաշվի չի առել»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:
Նա հայտնեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է Վերաքննիչ վարչական դատարան և հույս հայտնեց, որ այնտեղ կբավարարվի, իսկ եթե այդպես չլինի, ապա գնալու է մինչև վերջ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ղազարյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում են արդեն գտնվում Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս դատավորների դիմումները իրենց լիազորություններն ապօրինի կերպով դադարեցնելու մասին:
Նրա խոսքով՝ իր և հիշատակված դիմումների հիմքերը նույնն են, այն է՝ եթե չլինեին սահմանադրական փոփոխությունները և զարգացումները, չէր լինի նաև ստեղծված իրավիճակը:
Անդրադանալով իշխանությունների ճնշումներին դատական համակարգի ենթարկվելու վերաբերյալ հարցին՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց. «Դատական համակարգում կան հարյուրավոր դատավորներ և նրանց ընդհանրական գնահատականներ տալ չի կարելի, նրանց մեջ կան սկզբունքային, անաչառ, իրենց կոչմանը համապատասխան արժանիներ, բայց կան նաև դատավորներ, որոնք ենթարկվում են քաղաքական ճնշումներին»:
Ղազարյանը տեղեկացրեց, որ իր գործով որոշումը վաղուց էր կայացվել, բայց հրապարակվել է ընտրություններից հետո՝ հուլիսի 1-ին և ենթադրեց, որ դատարանում սպասում էին ընտրությունների արդյունքներին: