«Լեռնային Արցախի» պատանեկան թիմը 2-րդ տեղն է գրավել Գերմանիայում
Գերմանիայում ավարտվել է ֆուտբոլի պատանիների միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև «Լեռնային Արցախ 06» թիմը: Պատանիները զբաղեցրել են երկրորդ տեղը և դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Լեռնային Արցախ» ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանը։
«Մեր պատանիները խմբում զբաղեցրել են առաջին տեղը։ Սակայն եզրափակչում 1:0 հաշվով զիջել են Իսրայելի թիմին։ Ընդհանուր 6 խաղերից ունենք 5 հաղթանակ, 1 պարտություն, ինչն արդեն մեծ ձեռքբերում է։ Ամբողջ խաղի ընթացքում բոլորը հավաստիացնում էին, որ ամենալավը «Լեռնային Արցախ 06» թիմն է խաղում՝ ճկուն, գրագետ, կազմակերպված ու նպատակային»,- նշել է «Լեռնային Արցախ» ակումբի տնօրեն Մ. Ավանեսյանը և հավելել, որ բոլորս պետք է ոգեշնչենք մեր պատանիներին, որպեսզի հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչպես է Արցախ աշխարհը նորանոր հաղթանակներ գրանցում՝ ավելիին հասնելու նպատակադրմամբ։