Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են:
Արագածոտնի մարզից դիմել են 63,
Արարատից` 89,
Արամավիրից` 101,
Գեղարքունիքից` 116,
Կոտայքից` 112,
Լոռիից` 126,
Շիրակից` 137,
Սյունիքից, Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ:
Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:
Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ:
Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել հուլիսի 6-13-ը։
Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։