Ախալքալաքի բնակչին դանակահարելու համար բերման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացի
Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի պատանիները 3 օրով հանգստանալու էին գնացել Բաթումի, սակայն հուլիսի 3-ի դանակահարության դեպքից հետո անմիջապես վերադարձել են: Ազգային հողի վրա տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժել է Գոման գյուղի անչափահաս բնակիչ Մարտուն Ուստյանը և մեկ ոստիկան։ Դանակահարությանը ներկա եղած երիտասարդները Jnews-ին են պատմել միջադեպի մանրամասները:
17-ամյա Համո Սամվելյանը կարողացել է փախչել ադրբեջանցիների հարձակումից և ընկերներին օգնության կանչել։ Նա պատմել է. «Մենք ծովի ափին էինք, 5 հոգով էինք, եկան, մեզ մոտիկացան, ռուսերենով ասացին՝ «откуда», մենք ասեցինք` հայ ենք, իրենք պատասխանեցին, որ ադրբեջանցի են և ասացին, որ եթե հայ ենք, ուրեմն մեզ հետ պրոբլեմ կա: Մենք տեսանք, որ կռիվ են փնտրում, ասացինք կողքի գնանք և այդպես էլ արեցինք: Բայց մեր հետևից եկան ու ասացին, որ «Ղարաբաղն Ադրբեջան է» ու կրկնեցին մի քանի անգամ: Մենք էլ ասացինք, որ Ղարաբաղը մերն է, այդ ժամանակ մեզ խփեցին։ Որ խփեցին, մենք փախանք, նրանք քարերով հետևներիցս ընկան: Փախչելու ժամանակ կարողացա զանգել ընկերներիս, որ գան օգնության: Իրենք 12 հոգի էին, մենք՝ 5։
Տղաները օգնության եկան, բայց կռվի ընթացքում ինչ եղավ, չեմ հիշում։ Ես չեմ տեսել դանակով խփելու պահը, բայց երբ խփել էր, Մարտունն ինքն էլ չէր հասկացել, երբ ձեռքը արյուն է եղել, մտածել է քթից է եկել, հետո շապիկը վերև է բարձրացրել ու տեսել: Հետո ոստիկանները եկան, տարան նրանց։ Մենք մեր հայրենիքի պատիվը չթողեցինք, որ ընկնի, մենք ասացինք, որ Ղարաբաղը մերն է, պարզապես նրանք շատ էին ու տարիքով մեծ, դրա համար կարողացան մեզ ծեծել։ Էն տպավորությունն էր, կարծես Ղարաբաղ կռիվ էինք գնացել», – պատմել է Համո Սամվելյանը։
Կռվին ներկա գտնվող Կարեն Չրաղյանն էլ հիշել է, որ դեպքի վայրից ոտաբոբիկ է փախչել:
«Քարերով, երբ ընկան հետևներիցս, հասան ինձ ու խփեցին, ես ընկա, հետո կարողացա հողաթափերս հանել ու ոտքի կանգնել, մի անգամ հարվածեցի մեկին ու ոտաբոբիկ փախչում էի, ակնոց, հողաթափ թողեցի ու փախա։ Կարծես Աստված ուժ էր տալիս, որ փախչեի թուրքից։ Որ երկրորդ անգամ եկան, էլ բան չասացին, միանգամից հարձակվեցին։ Այդ ամենը տևեց մի 10 րոպե։ Ով, որ դանակով խփեց մեր ընկերոջը, ուզում էր փախչել, բայց ոստիկանները բռնեցին», – պատմել է 15-ամյա Կարեն Չրաղյանը։
Միջադեպի հետևանքով տուժել է նաև Արթուր Այվազյանը: Նրա ականջն է վնասվել։
«Հետևներիցս եկան, խփեցին ինձ, ականջիցս արյուն եկավ, բայց փախա, գնացինք, հասանք մարշրուտկայի մոտ, տեսանք, որ մի տղա, մեր գյուղացին՝ Համոն, չկա, ոստիկաններն ասացին՝ ինչ է եղել, պատմեցինք, Համոյի նկարը ցույց տվեցի և սկսեցինք փնտրել, մի քիչ հետո Համոն եկավ, ասաց, որ հետևներից են ընկել, ոստիկանների հետ վազեցինք դեպի այդ կողմ, տեսանք, որ մեր տղաները այդտեղ էին, թուրքերն էլ շուրջբոլորը, գնացինք ու սկսվեց կռիվը, այդ պահին նրանք Մարտունին դանակով խփեցին, բոլորը փախան: Իսկ նրան, ով դանակով խփեց, բռնեցին, նա նաև վնասել էր ոստիկանի ձեռքը», – ասել է 15-ամյա Արթուր Այվազյանը:
Այս պահի դրությամբ Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում է գտնվում Մարտուն Ուստյանը: Մարտունին դանակահարած ադրբեջանցին բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ «Դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու» համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները