Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին
Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է փոխանցել Թուրքիայի դեսպանին՝ կապված կրթական հաստատությունների ցանցի հիմնադիր Օրհան Ինանդային կալանավորելու և երկրից դուրս տանելու Թուրքիայի հատուկ ծառայությունների գործողության կապակցությամբ: Այդ մասին երեքշաբթի օրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ երեքշաբթի օրը երկրի նախագահ Սադիր Ջափարովի անունից Թուրքիայի դեսպան Ահմեդ Դողանը կանչվել է Ղրղըզստանի Արտաքին գործերի նախարարություն:
«Թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավարին բողոք է հանձնվել՝ կապված Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի Օ. Ինանդայի ձերբակալման և Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու թուրքական կողմի գործողության կապակցությամբ»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ըստ նրա, ղրղզական կողմը մատնանշել այն գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում` մարդու իրավունքների և ազատությունների հարգանքի ոլորտում, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային կոնվենցիայում և այլ փաստաթղթերում:
«Ղրղըզական կողմը թուրքական կողմին կոչ է արեց վերադարձնել Օ. Ինանդային և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նրա հետ պատշաճ վերաբերմունք ապահովելու և նրա նկատմամբ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան բռնություն և նվաստացուցիչ գործողությունները կանխելու համար»,-ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես փոպանցում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Դողանն իր հերթին շեշտել է, որ «Ինանդան Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է և ճանաչվում է բացառապես այդ կարգավիճակում»:
«Ղրղըզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի Օ. Ինանդային Ղրղըզստան վերադարձնելու և պաշտպանելու նրա իրավունքներն ու օրինական շահերը որպես Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի` համաձայն Սահմանադրության և միջազգային իրավունքի նորմերի»,-եզրափակել է ԱԳՆ-ն:
1990-ականների կեսերից Ղրղըզստանում բնակվող Թուրքիայի քաղաքացի Ինանդան Բիշքեկում անհետացել էր հունիսի 1-ին: Նա հանրապետությունում ստեղծել է «Սապատ» կրթական հաստատությունների լայն ցանցը, որն ընդգրկում է բազմաթիվ ճեմարաններ, դպրոցներ և համալսարաններ: Նրա կինը նախապես հայտարարել էր, որ Ինանդան գտնվում է Թուրքիայի դեսպանատան տարածքում: Ղրղըզստանի ՆԳ նախարարությունը նրա նկատմամաբ հայտարարել էր միջազգային հետախուզում:
Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Օրհան Ինանդին, որը համարվում է Կենտրոնական Ասիայում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության առաջնորդ, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել է Թուրքիա և պատասխանատվության կենթարկվել այդ կազմակերպության օգտին աշխատելու համար:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որն անվանում են FETO (Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրել են 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 80,000 մարդ էր ձերբակալվել, իսկ շուրջ 150,000 քաղաքացիական ծառայողներ, ներառյալ զինվորականները, հեռացվել էին աշխատանքից կամ կասեցվել էին լիազորությունները: Ինքը՝ Գյուլենը, որը ԱՄՆ-ում էր գտնվում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա