Ադրբեջանցիները Խնածախում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 անասուն, խոչընդտել են ցորենի հավաքը. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան:
Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք:
Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին:
Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։
Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում:
Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:
ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:
Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
- Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղ գյուղի բնակիչներին հավաքել խոտը
- Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին
- Ադրբեջանցիները գողացել են Վերին Շորժայի արոտավայրից կով և նոր ծնված հորթ, կրակել հովիվների ուղղությամբ. ՄԻՊ
- Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
- Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
- Շուռնուխից էլի անասուններ են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան