Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչը հարված է մեր պետականությանը. ՀՅԴ Գերագույն Ժողովի հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որը կայացել է հուլիսի 2-4-ը Երևանում, ընդունել է հայտարարություն, որն այսօր ասուլիսում ընթերցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հայտարարության համաձայն, խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը:
«Երկիրը պարտության հասցրած իշխանությունն ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապա տեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչ լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար:
ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ն գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը, վճռական մասնակցություն ունեցել ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձել է այս իշխանությությունների իրական և գլխավոր այլընտրանքը:
Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառատման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձարեզծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը:
Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը:
ՀՅԴ Գերագույն ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, ՀՅԴ-ն «Հայաստան դաշինքի հետ համատեղ ուժերով շարունակելու են իրենց պայքարը ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին, վռճականորեն հակազդելու է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ Զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված և ազգային հոգևոր հաստատությունների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացնող օրվա իշխանությունների քողարկված և բացահայտ քայլերին ու գործողություններին:
«Հայրենիքը, Հայաստանն ու Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը և մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ է: ՀՅԴ կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար»,- նշված է ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարության մեջ: