Դիլիջանում Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ կանցկացվի
Հուլիսի 10-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործություններն են։
Համերգի կազմակերպիչն է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984 թ․։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքերում․ նա տեղյակ էր դրված ամեն մի քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։
Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակությանը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլ նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան