Սերոբ Խաչատրյան. ԳԹԿ-ի պես կարևոր կառույցն արդեն երեք տարի տնօրեն չունի
«Երեք տարի և երեք ամիս Գնահատաման և թեստավորման կենտրոնը չունի տնօրեն»,-անդրադառնալով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը՝ նշեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, որ մասնակցում էր «Բարձրագույն կրթության խնդիրները՝ հետպատերազմյան, քովիդյան շրջանում. ի՞նչ հետևություններ են արվել» թեմայով քննարկմանը։
Նա հիշեցրեց, 2018-ի իշխանափոխությունից օրեր անց կենտրոնի տնօրենին հրատապ կերպով ազատեցին աշխատանքից։
«Եթե չկար մարդ, որ պետք է տնօրեն դառնար, ի՞նչ իմաստ կար նման քայլի գնալ։ Սա աննախադեպ բան է, երբ կրթության ոլորտի կարևորագույն օղակը երեք տարի չունենա տնօրեն։ Չի կարելի նման կարևոր կառույցները թողնել առանց հիմնական ղեկավարի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ից այսօր հայտնեցին՝ կաշառք վերցնելու փաստով կալանավորվել է ԳԹԿ պաշտոնյա։
Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով համակարգում առկա կաշառակերությանը, նա նկատեց, որ դրա ծավալները նվազել են, քանի որ թեստերը ստուգվում են համակարգչի միջոցով։
«Նախկինում ամեն առարկայի համար կային հանձնաժողովներ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ենթարկվում էր կոռուպցիոն ռիսկերի։ Հիմա քանի որ դրանցում ներգրավված մարդկանց թիվը նվազել է, նվազել են նաև կոռուպցիոն ճնշումները»,- ասաց նա։
Հաջորդ գործոնը, ըստ Խաչատրյանի այն է, որ պետական բուհերը մասնավորներին դուրս մղելու համար ավելացրել են տեղերը, հեռակա ուսուցումը, ինչի հետևանքով մրցակցությունը մեղմվել է։
«Այսօր կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել մի քանի ֆակուլտետներում պետպատվերի համակարգ ընդունվելու համար, մնացած առումներով ես կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերը նվազել են»,- նշեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կրթության փորձագետ. Հայաստանում հիմա այնպիսի վիճակ է, որ կարծես ոչինչ էլ չի պատահել
- ԱԱԾ. Կալանավորվել է ԳԹԿ պաշտոնյա