«Հրապարակ». Իսկ ո՞ւր մնաց թափանցիկության խոստումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։ Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և պայմանագրի պատճենը»։
Նշենք, որ սովորաբար մեկ անձից կատարվող գնումները կոռուպցիոն ամենաբարձր ռիսկն են պարունակում։ Մեկ այլ սահմանափակում՝ պետական աշխատակիցների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությունն այլևս չի տեղադրվի կայքում։ govtravel.am կայքում տեղադրվում է պետական աշխատողների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, ինչը, պարզվում է, կառավարության համար ռիսկեր է առաջացնում «ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից»: «Առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»: Այդ տեղեկությունները կհատկացվեն լրագրողներին, եթե լրացուցիչ հարցում անեն՝ տրամադրման անհրաժեշտությունն ու նպատակները հիմնավորելով:
Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը որոշեց կառավարության նիստերի որոշ հատված փակ անցկացնել, Նիկոլ Փաշինյանն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ձայնը հասել էր մինչև Եվրոպա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: