Ձերբակալված էստոնացի հյուպատոսին պարտադրվել է լքել Ռուսաստանը
Սանկտ Պետերբուրգում կալանավորված Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատը ճանաչվել է նոն գրատա անձ և նա պետք է երկու օրվա ընթացքում լքի Ռուսաստանը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն գերատեսչություն հրավիրված Մոսկվայում Էստոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կտրուկ բողոք է հայտնել հյուպատոսի կողմից հետախուզական տվյալների հավաքագրման համար: Բացի այդ, ռուսական կողմն անընդունելի է համարել իրավիճակը կեղծ լույսի ներքո պատկերելու Էստոնիայի իշխանությունների փորձերը:
«Մենք համարում ենք, որ պաշտոնական Տալլինի դիրքորոշումը ծայրաստիճան ցինիկ է, քանի որ անհերքելի ապացույցներ կան էստոնացի դիվանագետի անօրինական գործունեության վերաբերյալ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հուլիսի 6-ին Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացուց գաղտնի նյութեր ստանալու պահին ձեռբակալել է Լյատին: Էստոնիայի ԱԳՆ խոսնակ Աարի Լեմիկը միջադեպը որակել էր սադրանք: