Քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են ստիպում դատավորին կայացնելու նման որոշում. Չարչյանի պաշտպան
«Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ: Իրականում Լուսինե Աբգարյանը պրոֆեսիոնալ դատավոր է, իրավաբան, սակայն իր կողմից կայացված այս որոշումն մեզ համար անընդունելի է»,- Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Է. Ալեքսանյանի խոսքով, իսկապես պարոն Չարչյանին անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա. «Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, միանշանակ քաղաքական երանգ պարունակող զուտ հանգամանքներ են, որոնք ստիպում են դատավորին կայացնելու նման որոշում»:
Նա հայտնեց, որ Ա.Չարչյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է, առողջական վիճակը լավ չէ, բայց այս պահին մեծ բողոքներ չունի, փորձում է հարմարվել. «Բայց թույլ չենք տա հարմարվի, շուտով գտնվելու է ազատության մեջ»:
Է. Ալեքսանյանն ասաց, որ իրենք պատրաստել են քրեական գործը կարճելու միջնորդություն, պայմանավորված է քրեական գործի հարցուման որոշման ոչ օրինական լինելու հանգամանքով: Այս միջնորդությունն այսօր մուտք կանեն:
«Համապատասխան հիմնավորումներ ենք ներկայացրել, որպեսզի դատարանը հենց այս փուլում նմանատիպ որոշում կայացանի, քանի որ դրա նախադրյալները լիովին առկա են»,- ասաց պաշտպանը:
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք։
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ
- Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. Գոռ Աբրահամյան
- Չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան
- Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
- Վերաքննիչ դատարանը Չարչյանի գործի քննությունը կշարունակի հուլիսի 6-ին․ փաստաբաններ
- Չարչյանին համարում եմ հետընտրական Հայաստանի առաջին քաղկալանավորը․ Անդրանիկ Թևանյան
- Պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են. Տիգրան Քոչարյան
- Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 10 հոգու անձնական երաշխավորության միջնորդությունը մերժվել է. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան