Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը
33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ: Փոքր տարիքում Սվելտանային ախտորոշվել էր մեծ ծավալի հեմանգիոմա, որը սկսվում էր ձախ ոտքի ազդրային հատվածից, տարածվում ամբողջ մաշկի վրա, հասնում թաթի հատված, առկա էր նաև կոնքազդրային հոդի պարալիզացում: Հեմանգիոման բարորակ գոյացություն է, որն առավելապես տեղակայված է լինում մեկ օրգանի վրա՝ չառաջացնելով առողջական խնդիրներ:
Սվետլանայի մոտ հեմանգիոմաներն ունեն բազմակի տեղակայումներ և վաղ տարիքում առաջացրել էին ներքին արյունահոսություն, կատարվել էր այն կանգնեցնող վիրահատական մեծ միջամտություն: Անկախ խնդիրներից՝ Սվետլանան որոշել էր ռիսկի գնալ և երեխա ունենալ: Չնայած բարդ և բացառիկ դեպքին՝ Անդրանիկ Պողոսյանն արել է ամեն ինչ՝ հղիությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Կատարվել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, այդ թվում՝ ՄՌՏ հետազոտություն:
Պարզվել էր, որ բացի արտաքին հեմանգիոմաներից՝ առկա են նաև բազմաթիվ ներքին հեմանգիոմաներ լյարդի, որովայնամզի, միզապարկի, թոքերի վրա: Հղիության ընթացքում արյան մակարդելիության ցուցանիշները բարձրացել էին կրկնակի և միտումը շարունակվում էր: Այս խնդիրներն ամեն պահի կարող էին առաջացնել թրոմոզ, արյունահոսություններ և կյանքի սպառնալիք դառնալ:
Հղիության ամբողջ ընթացքը Սվետլանան գտնվել է «էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգների և Արյունաբանական կենտրոնի մասնագետների (Հեղինե Խաչատրյան) հսկողության տակ: Ստացել է հապատասխան բուժում, սակայն արյան մակարդելիության խնդիրերն այդպես էլ չեն կարգավորվել: Ռիսկերը պահպանվել են նաև ծննդաբերության ընթացքում: Հղիության 36 շաբաթականում որոշվել է կատարել կեսարյան հատում, որն իրականացվել է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Կեսարյան հատումը կատարել է Անդրանիկ Պողոսյանը` մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Անանյանի և ծննդատան անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի հետ։ Լույս աշխարհ է եկել Սվետլանայի աղջիկը՝ լիովին առողջ: Վիրահատությունից հետո 24 ժամ ծննդկանը գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նախապես պատվիրված և պատրաստված էր համապատսխպան խմբի էրիթրոցիտար զանգված: Սակայն արյան փոխներարկման կարիք այդպես էլ չի եղել:
Բժիշկների համառ պայքարի, Սվետլանայի և ամուսնու ուժի, լավատեսության շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել բոլոր դժվարությունները: Ինչպես նրան խոստացել էր Անդրանիկ Պողոսյանը՝ Սվետլանան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս էր եկել իր փոքրիկի հետ»,- ասվում է ԲԿ հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները