ՃՈ-ից մնացել է հատուկ ստորաբաժանումը, որն ուղեկցում է Փաշինյանի ավտոշարասյունը
«Պարեկային ոստիկանության անձնակազմի 70 -ը նախկինում ոստիկանությունում չեն եղել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հանրապետության և Երևանի կյանքում շատ կարևոր իրադարձություն համարելով նախորդ օրը պարեկային ոստիկանության գործունեության մեկնարկը:
Նրա խոսքով՝ այն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով և բաղկացած է 678 ոստիկանից:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Երևանում հուլիսի 7-ից ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայութունը և գործում է միայն վերջինիս հատուկ ստորաբաժանումը:
«Այն բոլորովին այլ գործառույթ ունի և իրավակարգի պահպանման առումով քաղաքացիների հետ չի հաղորդակցվելու»,- բացատրեց Փաշինյանը՝ ներկայացնելով իր ավտոշարասյունն ուղեկցելու համար պահպանված ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման առաքելությունը:
Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար, նաև անհատապես շնորհակալություն հայտնեց Ոստիկանության պետին և տեղակալին, Արդարադատության նախարարի պաշտոնակատարին և նրա տեղակալին, Արդարադատության նախարարության միջազգային հարաբերություների վարչության խորհրդականին, Ոստիկանության ակադեմիայի և պարեկային ոստիկանության պետերին: