Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն՝ Հայաստանում
Ամենալայն քննադատության արժանացած «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» և «Ինֆեռնո» բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող, կոմպոզիտոր Դեն Բրաունը գրել է իր առաջին մանկական գիրքը՝ «Վայրի սիմֆոնիա»։ Խայտաբղետ նկարներով այս գիրքը թարգմանված է հայերեն։ Այն հրապարակել է «Զանգակ» հրատարակչությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, թարգմանիչն է Սերգեյ Սարգսյանը:
Գիրքն իր մեջ է ներառում նաև հատուկ բջջային հավելված՝ Դեն Բրաունի ստեղծած «Վայրի սիմֆոնիան»:
Հեքիաթի էկրանավորումը կցուցադրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 24-ին և կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Գրքի շնորհանդեսը նույնպես կայանալու է հուլիսի 24-ին:
«Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգի մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:
Panorama.am - Ինչպե՞ս որոշվեց «Վայրի սիմֆոնիա»-ն բերել Հայաստան։
Ս.Սմբատյան - Աշխարհում ինչ լավն է, ուզում եմ բերենք Հայաստան: Գիրքը շատ մեծ հաջողություն է ունեցել աշխարհում: Մեծագույն կարևորություն եմ տալիս, որ երեխաները մոտենան երաժշտությանը: Դեն Բրաունն այսօր աշխարհում ամենահայտնի հեղինակներից մեկն է, ով քայլ է արել դեպի մանկական աշխարհ: Այս ծրագիրը լիովին համապատասխանում է մեր նվագախմբի գործունեությանը՝ կա կրթական գաղափարախոսություն, նոր տեխնոլոգիաներ, ծանոթություն նվագախմբի հետ:
Ոչ միայն կրթական իմաստ ունի, Դեն Բրաունը նաև փորձել է երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի երաժշտությունը, ինչն ամենակարևոր է: Եթե հեղինակը կարողանում է ինտրիգ գտնել երաժշտության շուրջ և մարդկանց դա գրավում է, մեծագույն հաջողություն է: Եթե գաք համերգին կամ կարդաք գիրքը, այդ ամենը կհասկանաք:
Արվեստի երեք տեսակի մասին ենք խոսում՝ երաժշտություն, գրականություն, նկարչություն, քանի որ գրքում կան նկարներ, որպեսզի երեխաներն ավելի լավ ընկալեն գործիքներն ու նվագախմբի կարևորությունը:
Իմ ցանկությունն էր, որ այս նախագիծը ներկայացվի Հայաստանում: Կարծում եմ՝ սա այն նախագիծն է, որը կունենա բնական կյանք ու ճանապարհ, քանի որ բովանդակային առումով շատ հարուստ է ու լավն է:
Panorama.am - Հեղինակային իրավունքները պահպանվա՞ծ են։
Ս.Սմբատյան - Իհարկե: Շատ կարևոր է, քանի որ միջազգային նախագիծ է: Հեղինակային իրավունքներն ավելի քան պահպանված են, նույնիսկ Դեն Բրաունը հատուկ տեսաուղերձ է պատրաստելու հայաստանյան հանդիսատեսի համար:
Panorama.am - Ի՞նչ խնդիր է լուծում նման նախագծերը Հայաստան բերելը։
Ս.Սմբատյան - Նպատակն այն է, որ բոլոր մարդիկ, ովքեր հետևում են Դեն Բրաունին որպես ամենապոպուլյար հեղինակ, տեսնեն, որ նրա գիրքը կա նաև Հայաստանում, նրա գրած երաժշտությունը կատարում են նաև Հայաստանում: Դա խոսում է արվեստի ոլորտում մեր երկրի, հասարակության միջազգային ինտեգրման մասին:
Այս նախագծի նպատակն է՝ համերգին ներկա երեխաները պատկերացում կազմեն, որ նվագախումբը մի երևույթ է, որին կարելի է հետևել, արթանացնենք էմոցիա դեպի երաժաշտություն, բարձր արվեստ, նվախագումբ: Սա իմ գաղափարախոսությունն է: Վստահ եմ, որ մեր նման նախագծերը կարող են օգնել:
Panorama.am - Եթե գիրքը չթարգմանվեր հայերեն, այս նախագիծը կիրականացվե՞ր Հայաստանում:
Ս.Սմբատյան - Իհարկե, ոչ: Այսինքն, մենք կարող էինք նվագել, բայց, իմ պատկերացմամբ, միջազգային հանդիսատեսի տեսանկյունից կլիներ դիլետանտ մոտեցում: Մենք նման մոտեցում չունենք: Եթե կա նախագիծ, որտեղ կա գիրք, ընթերցող, էսթետիկ պատկերներ, գաղափարախոսություն, պետք է խոսենք ամբողջության մասին: Այո, այստեղ գիրքն ու երաժշտությունը միասին է աշխատում:
Panorama.am - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի:
Ս. Սմբատյան - Դժվար տարի էր բոլորիս համար բոլոր առումներով, նաև արվեստի համար: Ամեն ինչ կանգնել էր համավարակի պատճառով: Առաջինը տարածաշրջանում մեր նվագախումբն ունեցավ այդ հաճույքը, որ փայլուն մենակատարների հետ 4 համերգ ունեցանք Դուբայում:
Ակնկալում ենք նոր ծրագրեր, պլանավորում ենք շատ համերգներ արտասահմանում: Քանի որ 2020 թվականի համավարակի պատճառով ամեն ինչ կանգնեց, պլանավորման մշակույթը փոխվեց, դեռ բանակցում ենք, բայց, կարծում եմ, շատ խիտ և լավ տարի է մեզ սպասվում:
Panorama.am - Շնորհակալություն զրույցի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան