Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննության սկզբում դիմումատուներից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը հանդես եկավ միջնորդությամբ:
Նա միջնորդեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը լուծելու մասին: Ա. Զոհրաբյանն ասաց, որ միավորված գործով դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ՔՊ ԱԺ պատգամավորների ընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ-ն ներկայացվել է Փաշինյանի անձով:
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, նաև ՄԻԵԴ-ում: Գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքի համաձայն ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա կանխալ վերաբերմունք ունի որպես կողմ հանես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Մեր կարծիքով, դատավարության մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կոսւակցության նկատմամբ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք կապված իր նախկին վստահորդ Փաշինյանի հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը միացավ Արա Զոհրաբյանի միջնորդությանը՝ լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը:
«Մենք գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի առաջնորդների նկատմամբ, այդ թվում ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով, կանխակալ վերաբերմունքն այլ կերպ չի դրսևորվում, քան այն իրավիճակով, որ ՔՊ կուսակցության ցուցակի առաջին համարը հանդիսանող Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ունեցել է աշխատանքային հարաբերություններ, հրապարակային որոշակի դիրքորոշումներով նաև մտերիմ հարաբերությունների հանգամանք ևս նշվել է:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ միջնորդությունն այս փուլում ՍԴ կողմից քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ ՍԴ օրենքի համաձայն այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակում, այդ փուլն արդեն անցել են:
Արա Զոհրաբյանն ասաց, որ երբ կայացել է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշումը, այդ փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատավարության մասնակից չէր, իսկ ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը հենց դատավարության մասնակցի հետ կապով է պայմանավորում անհնարինությունը:
«Այսինքն, մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չդառնար դատավարության մասնակից, կոնկրետ այդ հարցը չէինք կարող բարձրացնել, այդ որոշումը կայացնելուց երկու օր հետո է ՍԴ-ն ՔՊ-ին ճանաչել դատավարության մասնակից»,- ասաց նա:
Ա. Զոհրաբյանը համաձայն չէ, որ այս հարցը չի կարող հետագայում քննարկել, քանի որ ՍԴ մասին օրենքի տրամաբանությունից էլ հետևում է, երբ անկողմնակալության հիմքեր կան, ավելին՝ ՍԴ դատավորը պարտավոր է այնպիսի վարքագիծ չդրսևորի, որ ինքնաբացարկի հիմքեր չստեղծի:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ բովանդակային առումով խնդիրը քննարկվել է, այդ մտավախությունը որպես այդպիսին չունեն:
«Նաև ՍԴ պրակտիկա ունեն, որ դիմումը վարույթ ընդունելուց հետո այլևս չեն անդրադառնում դատավորների մասնակցության անհնարինության հարցին»,- ասաց նա:
Ա. Դիլանյանն առաջարկեց չքննարկել միջնորդությունը և անցնել հաջորդ փուլին։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
- Էդգար Ղազարյան. Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով այսօրվա ՍԴ նիստին ընդառաջ
- Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը կմասնակցեն ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատաքննությանը
- Հուլիսի 9-ի դատական նիստը չսկսած՝ ՍԴ-ն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ. Ղազարյան
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- Քաղաքական երրորդն ուժն է դիմել ՍԴ՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին