Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր
Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն է: Այս մասին «Արևելքին» հայտնել է Բեյրութում ունեցած աղբյուրը:
Նշվում է, որ օդանավը նախատեսված է Լիբանանի տարածքով շրջագայության համար:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում 3 մարդ է եղել` օդաչուն և երկու ուղևոր՝ տղամարդ և կին: Բոլորն էլ զոհվել են։
«Մյուս երկու զոհվածների անուններն են Ժոել Մուսա և Ժատ Մուսա (հավանաբար քույր ու եղբայր են)»,- գրում է «Արևելքը»:
«Սպուտնիկ Արմենիան» գրում է, որ վթարի ենթարկված «Cessna 172» տեսակի ինքնաթիռը, որը պատկանում է «Open Sky Aviation» ավիաընկերությանը, օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:
Ըստ ականատեսների, եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի ընկնելու ձայնը լսելով՝ նրանք հասել են դեպքի վայր ու հայտնաբերել մարդկանց մարմինները: