Հայրենազուրկ քաշաթաղցիները կառավարության շենքի դիմաց բնակարան են պահանջում
Քաշաթաղցիները կառավարության շենքի դիմաց բնակարան են պահանջում
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Քաշաթաղի բնակիչները։ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմի հետևանքով բնակիչները զրկվել են իրենց տներից։ Հիմա կառավարությունից պահանջում են իրենց բնակարանով ապահովելու խոստումների որոշակիացում։
Նրան պահանջում են, որ Հայաստանի կառավարությունն իրենց բնակարանով ապահովելու վերաբերյալ որոշում ընդունի։
«Հիմա քաշաթաղցիներն ապրում են տարբեր տեղերում՝ լքված շինություններում, վարձով, մանկապարտեզներում, դպրոցներում, իրենց հարազատների տներում, եղել են մարդիկ, որ Հայաստանում տներ են ունեցել։ Գոնե տան հարցը պետք է լուծում ստանա, որ սոցիալական այդ խնդիրը լուծվի։ Հակառակ դեպքում 10-12 հազար մարդ կարող է հայտնվի կառավարության շենքի դիմաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցի մի տղամարդ։
Նրա խոսքով, բնակարաններից զրկված քաշաթաղցիների մի մասը ցանկություն են հայտնել ապրել Արցախի տարածքում, 90-ականներին այնտեղ վերաբնակեցվածները ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր։
«Ես ապրել եմ Երևանում, 30 տարեկանում տեղափոխվել Բերձոր, ապրել եմ այնտեղ։ Հիմա ասում եմ, թող վերականգնեն անվտանգության նախկին համակարգը, մենք կվերադառնանք ու կապրենք Քաշաթաղում»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Ինչ վերաբերում է Արցախում պատերազմի հետևանքով իրենց տները կորցրածների համար բնակարնների կառուցմանը, ապա ըստ ակցիայի մասնակցի, շինարարությունը մի շարք պատճառներով դանդաղում է։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ, որ ամեն ինչ թողել է Արցախում, նշեց, հեռուստացույցով Արծրուն Հովհաննիսյանն աընդհատ կրկնում էր՝ հաղթելու ենք, հաղթելու ենք։
«Դե հիմա, Արծրուն Հովհաննիսյան, արի ու պատասխան տուր։ Չենք հաղթել, պարտվել ենք։ 68 հազար դրամ գումար են տալիս, չգիտենք, գդալ առնենք, աթոռ առնենք, ի՞նչ անենք։ Հյուրընկալության գումարը նույնիսկ չեն տալիս, աշխատանք չենք գտնում»,-ասաց կինը։
Նա հիշում է, որ ազատագրված Քաշաթաղում է անցել իր երեխաների մանկությունը, լույս չկար, դժվարությունները շատ էին, սակայն կարողացել են հաղթահարել, տուն կառուցել, կահավորել։
«Թող մեզ ասեին՝ պատերազմ է լինելու, տալու են, մենք այդ գումարներով ուրիշ տեղում տուն կկառուցեինք։ Թող հետ տան մեր հողերը, մենք գնանք։ Հենց այսօր էլ ուզում եմ գնամ իմ տունը, իմ հողը։ Ամեն ինչը թանկ ու կրակ արել ենք, սարքել ենք, որ տղաս ամուսնանա»,-ասում է կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին