Լուսինե Սահակյան. Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:
Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:
Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով, վաճառելու մի պատմության հետ, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողը այդ գործարքը պարզապես իրականացրել է իր ազգականի անվամբ: Թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ ինքը՝ Մանվել Փարամազյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին: Առաջադրված մեղադրանքին առավել փաստարկված ու մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Նման պարագայում, տեղի ունեցածի մեջ հանցակազմ նշմարելը, առավել ևս այդ ամենը Մանվել Փարամազյանի հետ կապելը ակնհայտ է դարձնում, որ առնչվում ենք իրավական դաշտից դուրս գտնվող գործողությունների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան